Մամուլի տեսություն

«Հարցին՝ ինչով են առանձնանում Հայաստանի քաղաքական գործիչները, կարող է պատասխանել ցանկացած լրագրող՝բացարձակ անսկզբունքայնությամբ եւ խիստ կանխատեսելի քաղաքական վարքագծով», - խտացնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ սրա ակնհայտ դրսեւորումը տեսնելով ընդդիմության հետ խորհրդակցություններ անցկացնելու հարցում իշխանական կոալիցիայի վերջին օրերի պահվածքում: «Կոալիցիան, ինչպես միշտ, երեկ եւս խիստ գոհ էր իր հերթական լղոզված շեդեւրից», - նշվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Իսկ կոալիցիայի բերանով Քոչարյանի պատասխանը՝ իր համար այլեւս վտանգ չներկայացնող ընդդիմությանն այն է, որ ինքն ընդամենը կարող է թույլ տալ ընդդիմությանը, պարապ չմնալու համար, գալ եւ աշխատել օրենքի նախագծի վրա»:

«Ընդդիմությունը կնպաստի՞ իմիտացիային» շեշտվող հարցականի տակ «Առավոտ» թերթը ձեւակերպում է. - «Առանցքային հարցը կոալիցիայի երեկվա հայտարարությունից հետո այն է, թե արդյոք ընդդիմությունը չստանալով հստակ երաշխիքներ, որ ընդունվելու են իր առաջարկները՝ էլի մասնակցելո՞ւ է սահմանադրական քննարկումներին»:

«Աթկինսոնի հայտնի զեկույցը առիթ հանդիսացավ, որ կառավարող կոալիցիայի հանրապետական եւ դաշնակցական թեւերը մի քիչ իրար կծոտեն», - ի մի է բերում այսօր «Այբ-Ֆե» թերթը՝ այս առումով, սակայն, առավել ուշագրավ համարելով մեկ այլ փաստ՝ «Օրինաց երկիր» կուսակցության լռությունը: «Այս կուսակցությունը չի էլ փորձում կարծիք հայտնել Աթկինսոնի զեկույցի կապակցությամբ: Շառից - փորձանքից հեռու: Ինչ էլ որ ասեն, ինչ-որ մեկին դուր չի գալու: Թե չէ կարծում էիք Արթուր Բաղդասարյանը չէ՞ր կարող ստրասբուրգյան պատվիրակության կազմում ՕԵԿ-ական գործչի խցկել», - խորանում է «Այբ-Ֆե»-ն: - «Ազգային ժողովի ողջ աշխատակազմը օրինացերկրացիներով կլցնի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունում տեղ չի՞ կարող վերցնել... Բայց ամբոխահաճ գործելաոճով «Օրինաց երկիր»-ի հետ ո՞վ կարող է մրցել»:

«Դրամատիկ արտաքին քաղաքական ֆոնի վրա ներքաղաքական դաշտում առկա է շոշափելի անորոշություն եւ լղոզվածություն», - վերլուծում է «Իրավունք» թերթը՝ միաժամանակ նշելով. - «Այժմ Հայաստանում ե’ւ իշխանությունների, ե’ւ ընդդիմության համար եկել է մի ժամանակ, երբ չեզոքություն եւ, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմ պահպանելը գրեթե անհնար է, իսկ հստակ ընտրություն կատարելը՝ չափազանց դժվար, քանզի չափազանց բարձր կարող է լինել սխալ ընտրության գինը»: «Իրավունք»-ում նաեւ ուշադրություն է սեւեռված. - «Հայաստանի նկատմամբ արեւմտյան ճնշումների սաստկացման պայմաններում Մոսկվան ամենեւին էլ չի շտապում օգնության ձեռք մեկնել «ռազմավարական գործընկերոջը» ու գրավել է կողքից «անտարբեր» դիրք»:

«Վերջին օրերին ինչպես ադրբեջանական մամուլի, այնպես էլ Հայաստանում նրանց տեսակետները շատ հաճախ պատճենող հհշական թերթերի ջանքերով փորձ է արվում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած այցը ներկայացնել որպես Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումների փոփոխության վկայություն», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ շաղկապելով. - «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար մնում է կատարել միայն վերջին քայլը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, իսկ այդ առումով «ամենաանվրեպ համազարկը» Ղարաբաղի հարցում Ռուսաստանին ադրբեջանամետ դիրքորոշումներ վերագրելն է»։ «Հայոց աշխարհ»-ում ուրվագծված է. - «Ներկայումս ստեղծվել է մի կացություն, երբ Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծումը դառնում է դեպի հարավ Ռուսաստանի մեծացող ճնշմանը հակազդելու մեխանիզմ... Բնական է, որ նման պայմաններում իր վրայից ճնշումը վանելու համար Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մի կողմից՝ հնարավորինս սիրաշահի Ադրբեջանին եւ մյուս կողմից՝ ցույց տա իր անկողմնակալ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»։ Ամեն դեպքում, սակայն, մեկնաբանի համոզմամբ՝ ռեալ քաղաքականության մեջ Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոյի առկայությունը այն միակ «հենարանն» է, որն իր վրա «պահում» է ռուսական քաղաքականության հարավային ուղղությունը»:

«Երկիր» շաբաթաթերթի մեկնաբանը՝ քննելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցը Ադրբեջան եւ այդ երկու երկրների մերձեցման ակնհայտ միտումները՝ մասնավորապես արձանագրում է. - «Անկեղծ ասած, դժվար է հիշել, թե որ միջազգային կազմակերպության մեջ է Ռուսաստանը պաշտպանել Հայաստանին վերջին տարիներին՝ հատկապես Ղարաբաղի հարցով»: «Երկիր»-ի անդրադարձն ավարտվում է Ռուսաստանին ուղղվող՝ «Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի» բազմանշանակ ակնարկով:


Վաչե Սարգսյան