Դուբայում ձերբակալվել է Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, հաստատելով, որ ավարտվող շաբաթվա սկզբին Միացյալ Արաբական Էմիրություններում կալանվել են Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածնից), նրա որդին եւ որդու ընկերը, ասաց, որ Աբու Դաբիում Հայաստանի դեսպանությունը զբաղվում է նրանց հարցով:

«Մեր դեսպանությունը Աբու Դաբիում մոտիկից հետեւում է գործին: Դեսպանը արդեն հանդիպել է երկրի համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ եւ փորձում է պարզել հանգամանքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գասպարյանը:

Հայաստանյան մամուլի փոխանցմամբ, Հակոբյանը, նրա որդին եւ որդու ընկերը կալանվել են առեւտրի կենտրոնից գողություն անելու մեղադրանքով: «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, նրանք Դուբայի «Վաֆի» առեւտրի կենտրոնի «Վիլլի» խանութից մոտ 24 հազար դոլարի հագուստ են վերցրել, բայց դրամարկղում ցույց են տվել ընդամենը 16 հազարինը: Տեղի ունեցածից մի քանի ժամ անց ոստիկանության աշխատակիցները հյուրանոցում խուզարկություն են կատարել եւ, հայտնաբերելով գողացված իրերը, ձերբակալել են նրանց:

Համլետ Գասպարյան տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջեւ ստորագրված «Հանձնման մասին» միջպետական համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է դեռեւս անցած գարնանը, սակայն Միացյալ Արաբական Էմիրություններից պատասխան դեռեւս չի ստացվել: Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ նման դեպքերում գործում են միջազգային կոնվենցիաները: Հարցը կարող է լուծվել նաեւ բանակցությունների միջոցով:

Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը «ժողպատգամավոր» խմբի անդամ է, սակայն ո’չ խմբի ղեկավարը եւ ո’չ էլ մյուս անդամները ստույգ տեղեկություններ չունեին դեպքի մասին:

Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է երկրից դուրս գործել, եթե նա տվյալ երկրում գտնվեր պաշտոնական գործուղման մեջ: Հակոբ Հակոբյանը, մինչդեռ, Դուբայում գտնվում էր մասնավոր այցով:


Կարինե Քալանթարյան