Կոնդոլիզա Ռայս. «Եկել է դիվանագիտական լուծումների ժամանակը»

Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կայացած լսումների ժամանակ, որոնց նպատակը պետքարտուղարի պաշտոնում Կոնդոլիզա Ռայսին հաստատելն էր, վերջինս, փաստորեն հրապարակեց իր ծրագիրը:

Նախեւառաջ Ռայսը հայտարարեց, որ աշխարհում ժողովրդավարության ձգտող բոլոր ուժերը պետք է միավորվեն ընդհանուր արժեքների շուրջ եւ փորձեն աշխարհը դարձնել առավել ազատ ու անվտանգ, կերտել ուժերի նոր հարաբերակցություն: Ըստ Ռայսի, դա է ամերիկյան դիվանագիտության առաքելությունը:

«Եկել է դիվանագիտական լուծումների ժամանակը», - հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Ռայսը Հարավային Կովկասը կարծես միավորեց ընդհանուր սեւծովյան տարածաշրջանի հետ՝ հայտարարելով, որ Միացյալ Նահագները եւ ՆԱՏՕ-ն պետք է այստեղ ավելի ակտիվ լինեն, ավելի շատ ռազմական ուժեր կենտրոնացնեն տարածաշրջանում՝ հաշվի առնելով առաջին հերթին դրա հարեւանությունը Մերձավոր Արեւելքին:

Պատասխանելով սենատորներից մեկի հարցին, Ռայսը հիշեց Միացյալ Նահանգների եւ Վրաստանի զինվորականների համագործակցությունը` որպես տարածաշրջանում հաջող գործակցության օրինակ:

Խոսելով հետխորհրդային տարածքի մյուս պետությունների մասին, Ռայսը անդրադարձավ նաեւ ուկրաինական իրադարձություններին:

«Մենք տեսանք, թե որքան արդյունավետ է գործում քաղաքացիական հասարակությունը, երբ հարկավոր է լսելի դարձնել ժողովրդի ձայնը», - ասաց նա:

Բավական մանրամասնորեն Ռայսն անդրադարձավ նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, թե շատ հարցերում Ռուսաստանը բավական կառուցողական դիրք է բռնել՝մասնավորապես արտաքին քաղաքական հարցերում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներքաղաքական կացությանը` ըստ Ռայսի, ժողովրդավարական գործընթացները Ռուսաստանում «անդառնալի բնույթ չեն կրում, իշխանությունը շարունակում է կենտրոնանալ Կրեմլի ձեռքերում», եւ Վաշինգտոնը «կշարունակի այս առումով Ռուսաստանի վրա իրականացվող ճնշումները»:

ԱՊՀ պետություններից Ռայսը հիշատակել է նաեւ Բելառուսը՝ այնպիսի բռնապետական վարչակազմերի շարքում, ինչպիսիք են Զիմբաբվեն, Բիրման եւ Հյուսիսային Կորեան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա