Վերին Լարսի անցակետում սահմանափակումները կգործեն մինչեւ ապրիլի 15-ը

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում կալանված 7 մարդատար ավտոբուսները, որոնք ուղեւորվում էին Հայաստանի, պետք է վերադառնան Ռուսաստան:

Հինգշաբթի օրը Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին եւ ճանապարհային վարչություն պետ Նոդար Դալաքիշվիլին հայտարարել են, թե անցած ամռանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեսպանությունները եւ լրատվամիջոցները նախազգուշացվել էին, որ անցակետը ձմռանը փակ է լինելու մարդատար ավտոբուսների (30 ուղեւորից ավելի) եւ մեծ բեռնատարների համար:

Դալաքաշվիլու խոսքերով, Ռուսաստանից Հայաստան ուղեւորվող 7 ավտոբուսների շուրջ բարձրացած աղմուկը անհիմն է, քանի որ նախ դրանք անցակետ էին հասել ի հեճուկս հիշյալ նախազգուշացման եւ բացի այդ ավտոբուսների ուղեւորներին թույլատրվել է այլ տրանսպորտային միջոցներով շարունակել ճանապարհը: Ինչ վերաբերում է բուն ավտոբուսներին, ապա դրանք պետք է ետ վերադառնան կամ անցակետում մնան մինչեւ գարուն:

Դալաքաշվիլու խոսքերով, նման սահմանափակումներ գործում են ամեն ձմեռ: Այդուհանդերձ, նախկին իշխանությունների օրոք մարդկանց թույլատրվում էր անցնել՝ վտանգելով կյանքը:

«Այսօր կոռուպցիոն պայմանավորվածությունները վարորդների եւ սահմանապահների միջեւ բացառվում են», - հայտարարել է Դալաքաշվիլին: