Հայ զինվորականներն արդեն պատրաստ են մեկնել Իրաք

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ հայկական զորախումբն արդեն պատրաստ է Իրաք մեկնելուն:

Շահսուվարյանի փոխանցմամբ, մեկնման կոնկրետ ժամկետի մասին լրատվամիջոցները կտեղեկացվեն վաղօրոք:

Անցած տարեվերջին արտահերթ նստաշրջանում խորհրդարանը հաստատել էր «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին Հայաստանի միանալու մասին որոշումը. ըստ այդմ՝ 46 զինվորականներից կազմված հայկական զորախումբը արդեն պատրաստ է մեկնելու Իրաք:

Զորախումբը կունենա մեկ ընդհանուր հրամանատար, մեկ կապի սպա՝ լեհական դիվիզիայի շտաբում, մեկ դասակի հրամանատար, երեք բժիշկ, 10 սակրավոր եւ 30 վարորդ:


Ռուզան Խաչատրյան