Վլադիմիր Պուտին. «Հայաստանը մեր գործընկերն է նաեւ միջազգային ասպարեզում»

«Ռուսաստանը դարերով ներկայություն է ունեցել Կովկասում եւ մենք ունենք մեր շահերը», - տարվա ամփոփիչ ասուլիսում հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք ակտիվ քաղաքականություն ենք վարում», - շարունակել է Ռուսաստանի նախագահը: - «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերներից մեկն է: Խնդիրներ, գործնականում չկան՝ բացի Ղարաբաղից: Մենք պատրաստ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք բանակցություններում հանդես գալ որպես միջնորդ եւ երաշխավոր: Մենք չենք ուզում երկարատեւ պատմական հեռանկարում անբարենպաստ գործընկեր դառնալ կողմերից որեւէ մեկի համար. կողմերն իրենք պետք է պայմանավորվեն»:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը, Պուտինը ասել է, որ այն «լավ է զարգանում». Ռուսաստանն ու Հայաստանը «միմյանց ընդառաջ են գնացել» պարտքերի եւ ներդրումների առումով:

«Հայաստանը մեր գործընկերն է նաեւ միջազգային ասպարեզում», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նշել է, թե տարբեր ոլորտներում համագործակցություն առումով Մոսկվան եւ Երեւանը շատ երկրներից առաջ են անցել:

«Ցանկալի է, որ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակներում նման հարաբերություններ ունենայինք բոլոր գործըկերների հետ, իսկ Պայմանագրի մասնակիցների շրջանակը ընդլայնվեր, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանի երկրների հաշվին», - ասել է Պուտինը: - «Նման կազմակերպություններում մեկ սեղանի շուրջ համատեղ աշխատելով, կարող են լինել եւ ավելի շատ շփման եզրեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, մեր այլ գործընկերների միջեւ»: