Ստորագրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի պայմանագիրը

Ավելի քան 9-ամսյա նախապատրաստական աշխատանքներից ու տեւական բանակցություններից հետո երեքշաբթի օրը Երեւանում ստորագրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի պայմանագիրը։

Հայաստանի կառավարության անունից պայմանագիրը ստորագրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իսկ գնորդները չորսն են՝ գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» եւ «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 12,5-ական տոկոսը։

Ստորագրման արարողությանը հետեւած մամուլի ասուլիսում մանրամասնելով գործարքը, Կարեն Ճշմարիտյանը ասաց, թե Քաջարանի պղնձամոլիբդնային կոմբինատի դիմաց այս չորս ներդրողները իրենց ստանալիք բաժնեմասերին համապատասխան Հայաստանի բյուջե կփոխանցեն 132 միլիոն դոլար: 45 միլիոնը կվճարվի մինչեւ տարեվերջ, իսկ մնացած 87 միլիոնը՝ հաջորդ տարվա ընթացքում, երբ վերջնականապես կհստակեցվի ներդրումային ծրագիրը։

Վերջինս, ըստ նախարարի, իրականացվելու է երկու փուլով, իսկ ներդրումը կազմելու է ընդհանուր առմամբ շուրջ 150 միլիոն դոլար։ Ներդրումային ծրագրի համաձայն 2005-2008 թվականներին արդիականացվելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան վերազինվելու են Քաջարանի պղնձամոլիբդենային համալիրի բոլոր արտադրությունները:

Ներդրումներ են արվելու նաեւ Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանում՝ այն նկատառումով, որպեսզի Քաջարանի ընդերքից հանված ողջ մոլիբդենի խտանյութը վերամշակվի Հայաստանում:

«2005 թվականի հունվարի 1-ից Հայաստանը այլեւս մոլիբդենի կոնցենտրատ որպես այդպիսին չի արտահանելու: Այն ամբողջությամբ վերամշակվելու է Հայաստանում», - հայտարարեց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը ասաց նաեւ, թե կոմբինատի մասնավորեցման մրցույթին մասնակցել են նաեւ Ագարակի լեռնահարստացման ֆաբրիկայի սեփականատեր, ամերիկյան «Քոմսափ Քըմոդիթի», ինչպես նաեւ ռուսաստանյան «Սոյուզմետալ» ընկերությունները։

Որպես հիմնական ներդրող ընտրված «Քրոնիմեդ» ընկերությունը գերմանական հանրահայտ «Հանել» խմբի մեջ մտնող ընկերություններից է, որը մասնագիտացած է պողպատաձուլական ընկերությունների համար ֆերոհամաձուլվածքների արտադրությամբ։ «Հանել»-ը դուստր ձեռնարկություններ ունի աշխարհի 15 երկրներում, իսկ խմբի վաճառքի տարեկան ծավալը հասնում է շուրջ 1,5 միլիարդ դոլարի։

«Քրոնիմեդ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկին այսօր ասաց, որ Քաջարանի արդիականացման ծրագիրը ֆինանսավորվելու է գերմանական բանկային կոնսորցիումի կողմից։

«Այս նոր համագործակցությամբ մենք գտել ենք այն լավագույն լուծումը, որով հայկական մոլիբդենի խտանյութն ամբողջությամբ կվերամշակվի Հայաստանում, եւ արդեն պատրաստի մոլիբդենը կարտահանվի միջազգային շուկաներ», - ասաց գերմանացի գործարարը՝ հավելելով, թե այդ բիզնեսն իր ընկերության համար նոր ոլորտ չէ: Նման ներդրումներ իրենք ունեն Բրազիլիայում, Ինդոնեզիայում եւ Կանադայում։

Պիլարսկին հայտարարեց, որ արդեն հաջորդ տարի կկրկնապատկվի մոլիբդենի խտանյութի արդյունահանումը Հայաստանում։

«Քրոնիմեդ»-ը արդեն տասը տարի է, ինչ գնում է Քաջարանի ընդերքից հանված ու հարստացված մոլիբդենի խտանյութի 50 տոկոսը։ Այդ ընկերությանն է պատկանում Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսը։

Ասուլիսում ասվեց նաեւ, որ սպասվող ներդրումների շնորհիվ Քաջարանում աշխատատեղերի թիվը ներկայիս 3000-ից կհասնի 4500-ի: Ներդրումներ կարվեն ու նոր աշխատատեղեր կստեղծվեն նաեւ «Մաքուր երկաթ» գործարանում։


Ատոմ Մարգարյան