Մամուլի տեսություն

Հայաստանում դոլարի արժեզրկման գործընթացը, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի որակմամբ՝ «զավեշտական, անհեթեթ իրավիճակ է ստեղծել»: «Փոխարժեքի անկման արհեստական բնույթը եւ ոմանց համար գերշահույթների ապահովման միջոց լինելն անգամ ոչ մասնագետի համար է ակնհայտ դառնում, երբ Հայաստանում եվրոն նույնպես արժեզրկվում է դրամի նկատմամբ», - գրում է մեկնաբանը։ - «Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ, բնակչության համար փոխարժեքից առավել կարեւոր է հենց գների մակարդակը։ Իրականում երկուսն էլ կարեւոր են, եւ շատուշատ մարդկանց համար բացարձակապես միեւնույն է, թե որոշ օլիգարխներ եւ բանկիրներ գները բարձրացնելո՞վ են իրենց մաշկը պլոկում, թե՞ դոլարն արհեստականորեն արժեզրկելով»։ Իսկ գներն էլ, «Հայոց աշխարհ»-ի՝ դեպի Կենտրոնական բանկը բարկացած հայացքով արձանագրմամբ, միեւնույն է, բարձրացվում են:

«Ազգ» թերթում այսօր բերված են տնտեսագետների գնահատականներ, որ հայաստանյան ֆինանսական շուկայում դոլարի արժեզրկումը առավելապես սպեկուլյատիվ բնույթ է կրում. - «Կենտրոնական բանկի մեկնաբանությունները՝ իբր չի ուզում միջամտել շուկային, վկայում են, որ Կենտրոնական բանկը ուղղակի չի տիրապետում իրավիճակին»: Ակնարկվում է նաեւ, որ բանկային համակարգի որոշ պատասխանատու աշխատողներ դոլարի եւ եվրոյի արհեստական արժեզրկմամբ ավելացնում են սեփական եկամուտները: «Դոլարի փոխարժեքի նվազեցումն առաջին հերթին ազդում է բնակչության վրա: Ինչքան էլ Կենտրոնական բանկի նախագահը պնդի, թե մեր բնակչության զգալի մասը եկամուտներ է ստանում ազգային դրամով, փաստ է, որ նույն բնակչության ոչ պակաս զգալի մասի եկամուտներն էլ գոյանում են դոլարով՝ արտասահմանից ստացվող օգնությունների հաշվին», - խտացվում է «168 ժամ» թերթում: - «Դոլարի ամենօրյա արժեզրկումից շահում են ներմուծողները: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, գրեթե բոլոր խոշոր գործարարները զբաղվում են ներմուծմամբ»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե հնարավոր է ընդդիմադիր նոր դաշինքի ձեւավորում, որին կարող է միանալ նաեւ ՀԺԿ-ն՝ այդ կուսակցության քարտուղար, պատգամավոր Գրիգոր Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Մեր կուսակցությունում նման հարց չի քննարկվել: Ստեփան Դեմիրճյանին նման առաջարկ չի արվել, նա տեղյակ չէ ինչ-որ նոր դաշինքի ձեւավորման բանակցություններից եւ ընդհանրապես դեմ է «Արդարություն» դաշինքը լուծարելու եւ այլ դաշինքներ ու ձեւաչափեր ստեղծելու գաղափարին»: ՀԺԿ քարտուղարը վստահեցնում է, որ դաշինքը լուծարելու ոչ մի պատճառ չկա, քանի որ «հստակ աշխատում է՝ կատարելով իր առջեւ դրված խնդիրները»: Այսուհանդերձ, «Հայոց աշխարհ» թերթում էլ այսօր վերլուծական կա, թե «շուտով փլուզվող «Արդարություն» դաշինքից եւս մի հատվածի առանձնացման եւ հստակորեն արեւմտյան կողնորոշում ունեցող քաղաքական նոր միավորում ձեւավորելու փորձի ականատեսը կդառնանք»: Նոր դաշինքն էլ, սակայն, չի կարող ստանձնել «վերջին տարիներին Սերբիայում, ապա Վրաստանում, իսկ ներկայումս նաեւ Ուկրաինայում ծավալվող զանգվածային շարժումների առաջնորդի դերը», - վստահեցվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Ավելին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ նոր դաշինքի ձեւավորումը կարող է է՛լ ավելի տրոհել ու կոտորակել առանց այդ էլ պառակտված ընդդիմադիր դաշտը»: Վերլուծականն ամփոփել է. - «Ընդդիմադիր դաշտում հերթական դաշինքի ձեւավորումը հանգեցնելու է ոչ թե ողջ ընդդիմության համախմբմանը, այլ սոսկ նրա առանցքի՝ «Արդարություն» դաշինքի փլուզմանը»:

«Վստահ եղեք՝ Քոչարյանին ՀՀՇ-ն է հեռացնելու», - «168 ժամ»-ի հարցազրույցում հայտարարում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Վերջինս համոզված է նաեւ, թե Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որը «ՀՀՇ-ին գնահատելու բարոյական իրավունք կունենա»: «Եթե ասեմ՝ այսօրվանից սկսելու ենք ինչ-որ բան լուրջ փոխել առաջ գնալու, ճիշտ չեմ լինի», - ձեւակերպում է Արարատ Զուրաբյանը: - «Բայց այն փուլում, երբ ակտիվանալու համար պարարտ հող կլինի, իսկ ես վստահ եմ, որ առաջիկայում այդպիսի իրավիճակներ լինելու են, ՀՀՇ-ն բնականաբար ծատ ակտիվ մասնակցություն կունենա»:

Նորանոր դրսեւորումներ վկայակոչելով՝ «Առավոտ» թերթն այսօր շեշտում է. - «Իրավացի են Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր խորհուրդ են տալիս Ռուսաստանից հնարավորինս հեռու մնալ, քանի որ ԽՍՀՄ-ից մնացած կայսերական սինդրոմը մինչ այժմ էլ աշխատում է հետխորհրդային երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում: Այդ մտածողությամբ Ռուսաստանը պատրաստ է աբխազներին դատապարտել քաղցի ու ցրտի եւ փակել սահմանը այն բանի համար, որ այնտեղ հրաժարվել էին ընդունել Կրեմլի ներկայացրած նախագահի թեկնածուին: Ռուսաստանն առանց երկմտելու պատրաստ է մասնատել Ուկրաինան՝ բնակչության մի մասին լարելով մյուսի դեմ... Երբ Լուժկովը հայտարարում է, թե Աբաշիձեն շուտով կվերադառնա Աջարիա, ակնհայտ է դառնում, որ անգամ ամենաչնչին հնարավորության դեպքում Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ իր բարեկամ կոռումպացված բռնապետին իշխանության վերադարձնելու համար»: Մյուս կողմից, ըստ «Առավոտ»-ի, ոչ ոք չի պնդում, թե «Արեւմուտքը Ռուսաստանից ավելի է հարգում երկրների սուվերենությունը, երբ հաճախ վերջնագրի լեզվով նրանց որոշումներ է պարտադրում»: «Մեր երկրի նման երկրներում Ռուսաստանն ու Արեւմուտքն իրենց գործնականում նույն կերպ են դրսեւորում: Պարզապես Ռուսաստանը կորցնում է, իսկ Արեւմուտքը՝ ձեռք բերում: Եվ որքան Ռուսաստանն ավելի շատ է կորցնում, այնքան ավելի է վատանում այն երկրների վիճակը, ովքեր դեռեւս Ռուսաստանի հանդեպ հավատարմությունը չեն կորցրել: Ասենք՝ մեր վիճակը»:


Վաչե Սարգսյան