Մամուլի տեսություն

Հայաստանում դոլարի եւ խոսքի շարունակական արժեզկում է արձանագրում «Առավոտ» թերթը՝ մատնանշելով. - «Ի վերջո, ժողովրդին ամենեւին հետաքրքիր չէ, թե այդ ինչ ֆինանսատնտեսական պատճառներով է, որ կառավարությունը չի կարողանում կանխել գների աճն ու բնակչության եկամուտների անկումը: Ժողովրդին չեն համոզում հավաստիացումները, թե սրա պատճառը դոլարի կուրսի համաշխարհային անկումն է: Մեր քաղաքացիները պարզապես ցանկանում են հասկանալ, թե այդ ինչպես է մի երկրում, ուր տնտեսական աճը, ըստ պաշտոնական հավաստիացումների, ամեն տարի կազմում է մոտ 10 տոկոսից ավելի, գների աճը ուղիղ համեմատական չէ, ասենք, աշխատավարձի աճին: Մարդիկ ուզում են իմանալ, թե ինչու են աճում ներկրվող ապրանքների գները, երբ դոլարի կուրսն անշեղորեն իջնում է: Ի վերջո, ինչու մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասն ապրում է բացառապես դրսից ուղարկած դոլարներով, փաստորեն, ստիպում են այդ դոլարը էժան գնով վաճառել: Մենք ապրում ենք կոնկրետ իրականության մեջ, որը հաճախ հակասության մեջ է մտնում «վերեւից արտասանվող» գեղեցիկ խոսքերի հետ», - եզրափակում է «Առավոտ»-ը: «Ազգ» թերթը այսօր ձեւակերպում է. - «Եվրոյի, դոլարի եւ ռուսական ռուբլու արհեստական արժեզրկումով Հայաստանի քաղաքացիներին թալանում են»:

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին կհայտարարվի նոր ընդդիմադիր քաղաքական դաշինքի ձեւավորման մասին, որը, ի տարբերություն նախորդների, կունենա ոչ միայն հակաիշխանական, այլ նաեւ ընդգծված արեւմտամետ ուղղվածություն. - «Հայաստանի ընդդիմադիր դաշտը ներկայացնող կուսակցությունների մի հոծ զանգված հանգել է եզրակացության, որ իշխանափոխություն իրականացնելու հարցում իրենց արձանագրած անհաջողությունների պատճառը քաղաքական, ծրագրային, աշխարհայացքային այլընտրանքի բացակայությունն է: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ նոր դաշինքի հայտարարության մեջ ֆիքսվելու է, որ դաշինքի կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելուց հետո նոր իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ինտեգրելու ուղղությամբ, ռազմաքաղաքական եւ տնտեսական սերտ հարաբերություններ պետք է հաստատվեն Միացյալ Նահանգների հետ, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պետք է դառնան գործընկերային՝ «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»: «Դաշինքի ձեւավորման հայտարարության տեքստը նախ ստորագրելու են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը. չի բացառվում, որ հայտարարությանը միանա նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մյուս ցանկացողները, որոնց նախնական թիվը կարող է անցնել 20-ից, կկազմեն դաշինքի երկրորդ շերտը: Իսկ նոր դաշինքի ձեւավորումը ազդարարող հայտարարության ստորագրումը ուշանում է հիմնականում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի պատճառով: Վերջինս կանգնած է երկընտրանքի առջեւ. կամ՝ պահպանել պարտված եւ փլուզվող «Արդարություն» դաշինքի լիդերի կարգավիճակը, կամ՝ որպես հավասար անդամագրվել մի դաշինքի, որը հաջողության հասնելու հնարավորություն ունի»: Բացի այդ, «Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ՝ ծագումնաբանորեն ռուսամետ գործիչների համար անցումը արեւմտամետության դժվարին խնդիր է:

««Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) ընդդիմադիր թեւում որոշ տարաձայնություններ կան երկրապահների առաջիկա համագումարը բոյկոտելու վերաբերյալ», - փոխանցում է այսօր «Առավոտ»-ի թղթակիցը: - «Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ եւ ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանը հայտարարել էր, թե մտադիր չէ մասնակցել դեկտեմբերի 11-ին կայանալիք ԵԿՄ 6-րդ համագումարին, որը, նրա բնորոշմամբ, «ֆարս» է»: Համագումարին հավանաբար չեն մասնակցի նաեւ Երեւանի մարզային կառույցի ղեկավար Հակոբ Հակոբյանը, Հրազդանի մարզային կառույցի ղեկավար Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Մյուս կողմից, ըստ «Առավոտ»-ի՝ ինչպես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, այնպես էլ Սմբատ Այվազյանը, որը նաեւ ԵԿՄ վարչության անդամ է, մասնակցելու են համագումարին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Կետիկյանի համոզմամբ, այս անգամ եւս երկրապահների պառակտման որեւէ հիմք չկա, եւ նման «ակնկալիքներն» ապարդյուն են: Անդրադառնալով Բազեյանի դիրքորոշմանը՝ Կետիկյանն ասել է. - «Բացարձակապես համաձայն չեմ իմ շատ սիրելի հրամանատարի հետ: Եթե կան հարցեր, իսկ դրանք կան, ապա պետք է բարձրացվեն վարչության նիստերում, համագումարում: Չեմ ընդունում բոյկոտի տարբերակը, որովհետեւ հարյուրավոր երկրապահներ սպասում են վարչության ազդեցիկ անդամների խոսքին»:

«Հայոց աշխարհ» թերթի տեսաբանի վերլուծությամբ, հայ-թուրքական սահմանի բացման հարցը կրկին դառնում է աշխույժ քննարկումների առարկա՝ ինչպես Եվրամիություն-Թուրքիա, այնպես էլ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում. «Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի դուրսմղումը Եվրամիության կողմից Թուրքիային ներկայացված նախապայմանների ցանկից ամենեւին էլ չի նշանակում, որ այդ ճնշամիջոցը կորցրել է իր նշանակությունը: Ռուսաստան-Թուրքիա խորացող տնտեսական փոխգործակցության մեջ Հարավային Կովկասի ներգրավման խնդիրը բարձրացրել է Հայաստանի տնտեսական արժեքը Ռուսաստանի աչքում», - առանձնացնում է տեսաբանը եւ նախանշում. - «Սահմանների ապաշրջափակման հարցում արտաքին ուժերի կողմից Թուրքիայի վրա գործադրվող որոշակի ճնշումները հետագա ուժեղացման, կոնկրետացման ու «հասցեական դառնալու» կարիք են զգում»: Այս առումով, թերթի տեսաբանը մասնավորապես գրում է. - «Հայաստանի հարավային սահմանից Պարսից ծոցի նավահանգիստների հետ երկաթուղային ուղղակի կապ ստեղծելու հեռանկարը միանգամից կարող է փոխել մի շարք տերությունների վերաբերմունքը ինչպես Հարավային Կովկասից դեպի Ռուսաստան տանող, այնպես էլ Թուրքիայից Եվրոպա մտնող երկաթուղուց Հայաստանի մեկուսացվածության հարցի հանդեպ»: «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ որեւէ համաձայնության ձեռքբերումը կարող է դառնալ նաեւ Հայաստանի երկաթուղային շրջափակման՝ ներկայումս խիստ պրկված օղակի յուրահատուկ «պայթուցիչը»», - կարծում է «Հայոց աշխարհ»-ի տեսաբանը:


Վաչե Սարգսյան