Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կկայանա Սոֆիայում

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին Սոֆիայում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների տարեկան ժողովի շրջանակներում:

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հանրային հեռուստատեսությանը ասել է, թե հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Օսկանյանը նշել է, թե ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ նախորդ հանդիպումները տվել էին որոշակի արդյունք, ինչի մասին զեկուցվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման ընթացքում:

Առաջիկա հանդիպմանը նախարարները կրկին կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը եւ կփորձեն մշակել բանակցային գործընթացը շարունակելու ուղիներ:

«Հայաստանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղը դե յուրե ճանաչել որպես Ադրբեջանի մաս», - պաշտոնական Երեւանի դիրքորոշումը եւս մեկ անգամ հնչեցրել է Օսկանյանը: