Լեւոն Տեր-Պետրոսյան. - «Ղարաբաղի հարցում տեսնում եմ տխուր հետեւանքներ»

«Ղարաբաղի հարցում ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ ես տեսնում եմ տխուր հետեւանքներ», - այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նախկին նախագահի կարծիքով, Ղարաբաղյան հարցի լուծումը «մեզ համար գնալով ավելի է բարդանում»։ «Այն, ինչ կարող էինք ստանալ 1997 թվականին, այլեւս երբեք չենք ստանալու», - ասաց Տեր-Պետրոսյանը ։

Հայաստանի առաջին նախագահը վերադարձել է Միացյալ Նահանգներից, ուր մասնակցել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրադարանի բացման արարողությանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հանդիպել է նախագահ Ջորջ Բուշի հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. - «Կարճ, ոտքի վրա մի քանի խոսք փոխանակել ենք»։ Նա ավելացրեց, որ նույնպիսի թռուցիկ հանդիպումներ է ունեցել նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագի, Ջիմի Քարտերի եւ Բիլ Քլինթոնի հետ։

Առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանեց, թե «4 տարվա հեռվից» չի կարող կարծիք հայտնել ապագա իրողությունների մասին։

«Իշխանության գալն ինձ համար նպատակ չէ։ Եթե գործ լինի, խնդիր լինի, եւ ես համարեմ, որ անհրաժեշտ է իմ մասնակցությունը դրան, տեղում չեմ նստի», - ավելացրեց նա:

Անդրադառնալով «վերջին տարիների կորուստներին»` Հայաստանի առաջին նախագահը նշեց արտագաղթը եւ այն հանգամանքը, որ կորցված է ժամանակը տնտեսության զարգացման համար, ինչի արդյունքում Հայաստանը հետ է մնացել իր հարեւաններից։

Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հրաժարական է տվել 1998 թվականին, վերջին տարիներին հրաժարվում էր շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։


Արմեն Դուլյան