Ստեփան Դեմիրճյան. - «Իշխանափոխության հարցը օրակարգից հանված չէ»

«Արդարություն» դաշինքի առաջնորդներից Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով հայաստանյան ընդդիմության առաջիկա ծրագրերի մասին, վերահաստատեց, որ իշխանափոխության հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում:

«Ես բազմիցս նշել եմ, որ ընդդիմության գործունեությունը չի սահմանափակվում, չի կարող սահմանափակվել միայն հանրահավաքներով, սակայն, ինչ խոսք, հանրահավաքներ էլ կլինեն՝ ճիշտ ժամանակին», - ասաց ՀԺԿ առաջնորդը: - «Ընդդիմությունը լինելու է հետեւողական. իշխանափոխության, ավելի ճիշտ՝ սահմանադրական կարգի վերականգնման հարցը օրակարգից բացարձակապես հանված չէ: Դա հասարակական պահանջ է, եւ ես համոզված եմ, որ այն ի վերջո իրականացվելու է»:

«Մեր պահանջների զգալի մասը, փաստորեն, ուղղել է իշխանություններին նաեւ Եվրախորհուրդը, եւ մեր քայլերը պայմանավորված կլինեն նաեւ այդ պահանջների կատարմամբ», - եզրափակեց Դեմիրճյանը:

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ պատգամավոր Շավարշ Քոչարյանը նույնպես ասաց, թե ընդդիմությունը առաջիկայում գործելու է՝ ելնելով իշխանությունների գործելակերպից, քանի որ, նրա խոսքերով, Հայաստանը դեռ չկատարած պարտավորություններ ունի Եվրախորհրդի առջեւ, մինչդեռ դրանց կատարման ժամկետը լրանում է տարեվերջին:

«Եվ այն պարտավորությունները, որ Հայաստանը ունի Եվրախորհրդի առջեւ, հիմնականում համընկնում են մեր պահանջների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շավարշ Քոչարյանը՝ մանրամասնելով. - «Դա 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում բռնություններ, կեղծիքներ իրականացրած անձանց պատժելն է: Երկրորդը, եւ ակնհայտ է, որ դա չի իրականացվի մինչեւ տարվա վերջը՝ մամուլի գործունեության համար համապատասխան բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է»:


Արմեն Դուլյան