Ընտրական օրենսգրքի բարեփոխումները քվերակվեցին առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները՝ 99 կողմ, 2 ձեռնպահ ձայներով: Ձեռնպահ քվերակեցին անկախ պատգամավորներ Մանուկ Գասպարյանն ու Էմմա Խուդաբաշյանը: «Դեմ» քվերակողներ չեղան:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մշակած խմբի մեջ ընդգրկված էին ներկայացուցիչներ Հանրապետական, Օրինաց երկիր, ՄԱԿ խմբակցություններից, «Ժողպատգամավոր» խմբից: Ընդդիմությունից բացի, բոլոր խորհրդարանական ուժերը այս փուլում հանդես եկան միասնական դիրքորոշմամբ:

Ինչպես հայտնի է, հիմնական հարցերը` ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ համամասնական-մեծամասնական ընտակարգերի հարաբերակցության հարցերը, այս փուլում քննարկման առարակ չդարձան:

Խորհրդարանը բոյկոտած ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս փոփոխությունների նախագիծը ընդամենը կիսաֆաբրիկատ է, քանի որ այդ խնդիրները ներառված չեն:

Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, ընտրական օրենսգիրքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար: Նա հիշեցերեց, որ 2003 թվականի նախագահական ընտրություններին հետեւած դիտորդական առաքելության եզրակացության մեջ նշված էր, որ գործող ընտրական օրենսգիրքը հնարավորություն էր տալիս Հայաստանում ժողովրդավարական ընտրություն անցկացնելու համար, բայց հանրապետության ղեկավարությունը քաղաքական կամք չդրսեւորեց:

Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նույնպես համաձայնվեց բնորոշմանը, թե ընդունված նախագիծը կիսաֆաբրիկատ է, եւ բացատրեց, որ Եվրախորհրդի պահանջների ժամանակացույցի համաձայն, հիմա պարտադրված էինք ընդունել այդ նախագիծը՝ մնացած շտկումները թողնելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածին:

Նրա գնահատմամբ, առաջին ընթերցմամբ էլ որոշ կարեւոր հարցեր են լուծվել: Մասնավորապես ընտրացուցակները կազմելու հարցը, որ տեղական մարմիններից փոխանցվել է պետական լիազոր մարմիններին` անձնագրային սեղաններին: Հանրապետության մասշատաբով ընտրացուցակների ընդհանուր մատյան է ստեղծվելու: Վստահված անձանց եւ դիտորդների իրավունքներն ու պարտակություններն են հստակեցվել:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ դժվար թե այսպես հեշտությամբ ընդունվեն: Քաղաքական ուժերը հիմնական հարցերի շուրջ մինչեւ հիմա հանդես են եկել տարբեր տեսակետներով: Խորհրդարանը բոյկոտած ընդդինադիր «Արդարություն» խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք վերաբերում են երեք սկզբունքային խնդիրներին: Նախ, վստահված անձանց լիազորությունները հիմնականում պետք է հավասարեցվեն հանձնաժողովների անդամների լիազորություններին:

«Արդարություն» դաշինքն առաջարկելու է, որ վստահված անձինք հնարավորություն ունենաՆ ստուգել ընտրողի անձնագիրը, քանի որ 800 հազար ընտրող բացակայում է Հայաստանից, եւ նրանց փոխարեն քվեարկում են ուրիշ մարդիկ: Վստահված անձինք պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ ընտրացուցակներին, ազատ տեղաշարժվելու իրավունք ունենան՝ առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգի, որովհետեւ վերջինս կարող է անընդունելի կարգ սահմանել: Անցած ընտրություննեերի ժամանակ ընդդիմադիրների վստահված անձինք տարբեր պատճառաբանություննեով դուրս էին հրավիրվում կամ վռնդվում էին ընտրատեղամասից, Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, դա պետք է բացառվի՝ օրենսգրքում ուղղակի պետք է գրվի, որ չի թույլատրվում հեռացնել վստահված անձին:

«Արդարությունն» առաջարկելու է, որ ընտրություններն անցկացվեն 100 տոկոսով համամասնական ընտրակարգով, միայն կուսակցական ցուցակներով՝ ռեյտինգային սկզբունքով, այսինքն՝ ընտրողը որոշի, թե ներկայացված ցուցակից ում է ընտրում, հաշվի չառնելով հերթականությունը:

Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը, ապա առաջակվելու է հանրապետության նախագահին զրկել հանձնաժողովների անդամ նշանակելու իրավունքից, քանի որ դա հակասում է թեկնածուների միջեւ հավասարության սկզբունքին: Անհավասարություն է առաջանում, երբ գործող նախագահը թեկնածու է առաջադրվում եւ միաժամանակ հանձնաժողվի անդամներ է նշանակում, իսկ մյուս թեկնածուները այդպիսի իրավունք չունեն:

Հրաչ Մելքումյան