Միջազգային չափանիշներով առաջընթաց Հայաստանում չի գրանցվել

«Ֆրիդըմ Հաուսի» էլեկտրոնային էջում զետեղված տարեկան զեկույցում ամեն մի երկրի զեկույցի կողքին սլաքով հստակորեն նշված է՝ այդ պետությունը առաջընթաց ապրել է, թե՝ ոչ: Եթե առաջընթաց կա, սլաքը նայում է վերեւ: Այս տարի` Հայաստանի զեկույցի կողքին սլաքը ուղղված է դեպի ներքեւ: Զեկույցն ընթերցել ցանկացող յուրաքանչյուրի համար սա յուրատեսակ նախազգուշացում է` Հայաստանի մասին որեւէ դրական բան գտնելը այս փաստաթղթում շատ դժվար է:

Սլաքի հարեւանությամբ առկա է նաեւ թվային գնահատական: Միջազգային իրավապաշտպան այս կազմակերպության կողմից կիրառվող պրակտիկայի համաձայն, ամեն մի երկրի շնորհվում է որոշակի վարկանիշ, թվային առումով որքան բարձր է այն, այնքան այդ երկրում քաղաքական ազատությունների եւ ժողովրդավարության առումով վիճակը վատ է:

Հայաստանի վարկանիշը 4 միավոր է, թե քաղաքական իրավունքների, թե քաղաքացիական ազատությունների առումով: Զեկույցի ամենասկզբում Հայաստանը դասվում է մասամբ ազատ պետությունների թվին: Ինչ վերաբերում է 7 էջանոց զեկույցի բուն էությանը, ապա այն հիմնականում նկարագրում է երկրում տիրող իրավիճակը նախորդ տարվա ընթացքում: Սա 2003 թվականի իրադարձությունների վերջնական ամփոփումն է, որում հիմնականում խոսվում է ընտրակեղծիքների մասին: Դա պատահական չէ` զեկույցի հեղինակները նշում են, որ երկրի քաղաքական կյանքի առանցքային իրադարձությունները նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են եղել: Մանրամասն ներկայացնելով դրանց ընթացքը՝ «Ֆրիդըմ Հաուսը» գալիս է բավական անմխիթար մի եզրակացության, թե Հայաստանի քաղաքացիները չեն կարող ժողովրդավարական ճանապարհով փոխել իշխանությունը:

Զեկույցում նախ հիշատակվում են 1995 թվականի խորհրդարանական,1996-ի նախագահական ընտրությունները, որոնց ըստ հեղինակների բնորոշ էին լուրջ անճշտություններ: Ինչ վերաբերում է անցած տարվա ընտրություններին, ապա իրավապաշտպանները նշում են,որ դրանք արժանացան միջազգային դիտորդների լուրջ քննադատությանը:

Միջազգային դիտորդները, այդ թվում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ-ի/ ներկայացուցիչները մատնանշեցին` որ ընտրությունները չէին համապատասխանում միջազգայնորեն ընդունված չափանիշներին: «Քվերակության եւ ձայների հաշվարկի ընթացքում եւս ի հայտ եկան լուրջ խախտումներ»,-ասվում է զեկույցում:

«Ֆրիդըմ Հաուսի» ներկայացուցիչները նշում են ընտրաշավի ընթացքում լրատվամիջոցների մի զգալի մասի բռնած ոչ օբյեկտիվ կեցվածքի եւ ընտրական հանձնաժողովներում քաղաքական ուժերի ոչ հավասարաչափ ներկայացված լինելու մասին:

Զեկույցի հեղինակները չեն շրջանցել նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող գործընթացները` հատուկ կանգ առնելով քաղաքական կուսակցությունների դերակատարության վրա:

«Կուսակցությունների մեծ մասում իշխող դերակատարություն ունեն պետական պաշտոնյաները, մյուս մասը պառակտված են, թույլ եւ գործելու անկարող»: Այս կտրուկ գնահատականից հետո, զեկույցի հեղինակները հատուկ նշում են` երկրի նախագահը որեւէ կուսակցության չի պատկանում, սակայն վայելում է քաղաքական թե մեծ թե փոքր խմբերի աջակցությունը, այդ թվում վարչապետի ղեկավարած Հանրապետական Կուսակցության աջակցությունը:

Իշխող կուսակցության մասին հիշատկումից անմիջապես հետո էլ զեկույցի հեղինակները անցում են կատարում կոռուպցիայի խնդիրներին` նշելով թե պաշտոնյաների շրջանում կաշառակերությունը շատ տարածված է:

Զեկույցի հեղինակները հատուկ անդրադարձել են Հայաստանի լրատվական դաշտում տիրող իրավիճակին:
«Մամուլի ազատության որոշ սահմանափակումներ առկա են, նշվում է: Խոսքը նախեւառաջ Ազգային անվտանգության,Ղարաբաղյան հիմնահարցի եւ կոռուպցիայի մասին հրապարակումներում նկատվող ինքնագրաքննության մասին է»: Առանձին պարբերությամբ «Ֆրիդըմ Հաուսը» անդրադառնում է «Ա1+ խնդրին, հիշատակելով մասնավորապես 2003-ի ամռանը անցկացված հաճախությունների մրցույթները, որոնց ընթացքում «Ֆրիդըմ Հաուսի» ձեւակերպմամբ հեռուստաընկերության ներկայացրած հայտերը մերժվեցին:

Իրավապահ համակարգի մասին էլ զեկույցում գրված է.
«Դատական համակարգը գտնվում է գործադիր իշխանության ադեցության ներքո, իսկ ոստիկանությունը ծեծում է կասկածյալներին ձերբակալության ժամանակ, ինչպես նաեւ ձերբակալելուց հետո` փորձելով խոստովանական ցուցմունքեր կորզել: Բացի այդ, վարչական կալանքի են ենթարկվում ընդդիմության ցույցերի եւ հանրահավաքների ակտիվ մասնակիցները»:

Ի դեպ, տնտեսական ազատության առումով եւս «Ֆրիդըմ Հաուսը» լուրջ թերություններ է նկատել ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ազատությունների առումով: «Տնտեսության հիմնական ճյուղերը գտնվում են օլիգարխների եւ ազդեցիկ կլանների ձեռքում: Տնտեսական մրցակցությունը Հայաստանում կազմակերպության փորձագետները որակել են որպես «անազնիվ»:

Իսկ զեկույցի ամենավերջում «Ֆրիդըմ Հաուսի» ներկայացուցիչները քննադատության են ենթարկել հայկական ընտանիքներում տիրող դրվածքը: Ավանդական նորմերը սահմանափակում են կնոջ մասնագիտական կարողությունները նրան մղելով ավելի ցածր որակավորում ունեցող աշխատանք կատարելու:

Ի դեպ, Հարավային Կովկասի պետությունների մասին նույնպես զեկույցում բավական կտրուկ ձեւակերպումներ կան: Ադրբեջանը 2003-ին ընդհանրապես անազատ պետություն է ճանաչվել,Վրաստանն էլ մասամբ է ազատ՝ նույնպես 4 միավոր ստանալով:

Գեւորգ Ստամբոլցյան