ԱԺ պատգամավորի թափուր տեղը, ըստ նախնական արդյունքների, կզբաղեցնի «Օրինաց երկիր»-ի թեկնածուն

Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում անցած կիրակի կայացած Ազգային Ժողովի մեծամասնական ընտրությունների նախնական արդյունքներով, կառավարող կոալիցիայի կուսակցություններից «Օրինաց երկիր»-ի թեկնածու Արտակ Սարգսյանը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների 63 տոկոսի ձայները: Անցած շաբաթավերջին իր թեկնածությունը հանած Արայիկ Հայրապետյանի կողմնակիցները պնդում են, որ քվեարկությունը անցել է «համատարած խախտումներով»:

Ըստ թիվ 44 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկած նախնական արձանագրության, Արտակ Սարգսյանը ստացել է 13970 կողմ ձայն, «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ
Արայիկ Հայրապետյանը՝ 5778 կողմ ձայն: Քվեարկությանը մասնակցել է մոտ 22 հազար ընտրող: Սակայն, քանի որ թեկնածու Արայիկ Հայրապետյանի վստահված անձը գրավոր բողոք է ներկայացրել՝ հակառակորդ թիմին մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ տեղի ունեցած ընտրության շուրջ որոշումն ընդունելու եւ պաշտոնական արդյունքը հրապարակելու իրավունք ունի հինգ օրվա ընթացքում, այսինքն` մինչեւ սեպտեմբերի 25-֊ը:

Երեկ կայացածը վերաքվեարկությունն էր օգոստոսի 29-ին կայացած ընտրությունների, որոնք անվավեր ճանաչվեցին: Այն ժամանակ քվեարկությանը մասնակցել էր մոտ 28 հազար ընտրող, եւ նախնական արձանագրությամբ հաղթել էր Արայիկ Հայրապետյանը՝ 32 ձայնի առավելությամբ: Նախորդ անգամ Արայիկ Հայրապետյանի թիմը փաստորեն հետ վերցրեց ընտրակեղծիքների դեմ բողոքները, այդ թվում եւ դատական բողոքը՝ չհրկիզվող պահարանում հայտնաբերված ու մրցակցի օգտին նախօրոք քվեարկած 200 քվեաթերթիկի հետ կապված:

Անցած շաբաթավերջին Հայրապետյանի շտաբը հայտարարեց, որ իրենց թեկնածուն հրաժարվում է քարոզարշավից: Ամեն դեպքում, նրա անունը քվեաթերթիկից հանելն արդեն ուշ էր, եւ թիմը երեկ շարունակել է հետեւել քվեարկության ընթացքին: Անցած գիշեր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Արայիկ Հայրապետյանի շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը ասաց, թե «ընտրակաշառքը որոշեց ընտրությունների ելքը»:

«Նիգ Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ, պատգամավոր Աղասի Արշակյանի խոսքերով` «ընտրությունները անցել են զանգվածաբար ընտրակաշառք բաժանելով»:

«Այն հավաստիացումները, թե հանրապետության նախագահը հատուկ հսկողության տակ է պահելու, որպեսզի այս անգամ որեւէ ընտրակաշառք բացառվի, վերաբերում էին թեկնածուներից մեկին: Միայն Արայիկ Հայրապետյանի կողմնակիցներն են, որ նման բան չեն արել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արշակյանը: - «Ամբողջ ոստիկանությունը ներգրավված էր ընտրակաշառքների գործընթացում»:

Արշակյանը պնդեց, որ իրենք ապացույցներ ունեն, սակայն ասաց, թե բողոքել-չբողոքելու հարցը թեկնածուի որոշելիքն է` պնդելով, թե անցած անգամ Հայրապետյանին «չթույլատրեցին բողոքել»:

Արտակ Սարգսյանի շտաբի պետ Քաջիկ Կարապետյանը, մինչդեռ, անցած գիշեր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ժխտեց ընտրակաշառքի մասին տեղեկությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, Դաշնակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը, որը երեկ Եղվարդում հետեւել է քվեարկության ընթացքին եւ արդյունքի ամփոփմանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները աշխատել են «շատ հստակ»:

Իսկ ընտրակաշառքների մասին Աբրահամյանը ասաց. - «Ընտրակաշառք հասկացողությունը փաստական հասկացողություն է եւ իրավաբանների գործն է: Պիտի ապացուցվի, այդ ընտրակաշառքը բաժանվե՞լ է, թե՞ ոչ»:

Հանրապետության գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընտրախախտումների մասին չհիշատակեց:

«Դատախազությունը, համաձայն օրենքի, քաղաքական գործառույթներից դուրս է: Ես ինքս եմ պայքարում, որպեսզի դատախազության որեւէ անձ քաղաքական գործընթացներից դուրս մնա», - ասաց նա` ավելացնելով, որ հայրենակցական միությունը նույնպես քաղաքական գործընթացներից դուրս է եւ դրանց մասնակցելու իրավունք չունի: Հովսեփյանը չբացառեց, այդուհանդերձ, որ հայրենակցական միությունը կարող է պաշտպանել որեւէ թեկնածուի:


Ռուզան Խաչատրյան