«Երեւանի ճոպանուղի» ընկերության սեփականատերը դատվում է մահացու ելքով վթարի համար

Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում մեկնարկած դատավարությունում միակ ամբաստանյալը` «Երեւանի Ճոպանուղի» ընկերության սեփականատեր եւ գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանը հայտարարեց, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը: Ըստ ներկայացված մեղադրանքի, նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Անցած գարնանը` ապրիլի 2-ին, Երեւանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել էր Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետեւանքով վագոնի 11 ուղեւորներից մահացել էին 5-ը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ:

Գլխավոր մեղադրանքը, որ ներկայացվել «Երեւանի ճոպանուղի» ընկերության սեփականատիրոջը, այն է, որ վթարից մեկ տարի առաջ` 2003 թվականի փետրվարին, կատարված վերանորոգումը անցկացվել է անփութորեն, օգտագործվել են անորակ եւ ստանդարտին չհամապատասխանող նյութեր:

Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում մեղադրական եզրակացության դրութներին իր անհամաձայնությունը հայտնած ու կատարվածում սեփական մեղքի բաժինը չընդունած ամբաստանյալը նիստի ընթացքում հայտարարեց, որ ամողջովին ընդունում է իր մեղքը:

Որպես վկա դատարան էին կանչվել ճոպանուղու տեխնիկական բոլոր աշխատակիցմները, որոնց ցուցմունքներից տպավորություն էր ստեղծվում, որ սարքավորումների ընդհանուր մաշվածության աստիճանը այստեղ ակնհայտ է եղել: Ու թեեւ դրանց վիճակն ամեն օր ստուգվել է, կատարվածը, այդուհանդերձ, եթե օրինաչափ չէր, ապա գոնե անսպասելի էլ չէր:

Վկաներից հետո ցուցմունք տվեցին տուժողները: Վերջիներիս մի մասը դատարանին հայտնել էր, որ որեւէ պարտք ու պահանջ ամբաստանյալից չունի: Մյուս մասը, այդ թվում` զոհված Իրանի քաղաքացիների` դատարան եկած հարազատները պահանջում էին պատժել կատարվածի մեղավորներին:

«Եթե անփութություն չլիներ, այս աղետը տեղի չէր ունենա», - ասում էին նրանք:

Տուժողները նաեւ ֆինանսական պահանջներ ունեն ընկերությանը: Այսպես, զոհված Արկադի Նասրոյանի իրավահաջորդը խոստացավ դատարան դիմել քաղհայցով` «Երեւանի ճոպանուղի» ընկերությունից պահանջելով վեց հազար դոլար: Վթարից տուժած Գագիկ Մանուկյանն էլ ամբաստանյալից պահանջեց փոխհատուցել իր բուժման ծախսերը՝ մոտ 3,5 միլիոն դրամ:

Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 20-ին:


Գեւորգ Ստամբոլցյան