Կառավարությունն ընդլայնում է հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր գործածության դաշտը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հաստատեց հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շահագործման կանոնները եւ որոշակիորեն ընդլայնեց ՀԴՄ-ների պարտադիր գործածության ոլորտը: Ըստ ընդունված որոշման, առեւտրի շրջիկ կետերը եւս մինչեւ գալիք հոկտեմբերի 1-ը պետք է աշխատեն հսկիչ դրամարկղային մեքենենաներով։

Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ, այժմ հանրապետությունում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաների թիվը 15 հազար է։ Դիտարկմանը, թե խանութները, ռեստորանները, բարերը, սաունաները եւ այլն, որպես կանոն, վաճառքի կտրոնները չեն տալիս հաճախորդներին, Ալավերդյանը հակադարձեց. - «Ես բացառում եմ այն դեպքը, երբ գնորդը պահանջում է այդ կտրոնը եւ կտրոնը չի տրամադրվում»:

Այսինքն` մեղավորը հենց գնորդն է, ում շահերից է առաջին հերթին բխում կտրոն պահանջելը:

Ինչ վերաբերում է հարկային ծառայությանը, ապա շատ դեպքերում գանձվող հարկերի ծավալը այդ կառույցը որոշում է ոչ թե ելնելով վաճառքի ծավալներից, ինչը առավել տրամաբանական կլիներ, այլ որոշ դեպքերում` զբաղեցրած տարածքի մակերեսից։

Այդուամենայնիվ, վաճառքի գործարքից հետո կտրոն չտրամադրելու դեպքում օրենքը խիստ պատժամիջոցներ է սահմանել՝ բարձր տուգանքների ձեւով։ Առաջին անգամ կտրոն չտալու դեպքում վաճառողից 150 հազար դրամի տուգանք է գանձվում, կրկնվելու պարագայում՝ 300 հազար դրամ։ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, անցյալ տարվա ընթացքում կտրոն չտրամադրելու համար 4500 օբյեկտներ տուգանքներ են վճարել։ Այս տարի եւս տուգանվողների թիվը պակաս չէ։

Խիստ մեծ տուգանքների կիրառումը, սակայն, իմաստ ունի եւ արդարացված է` եթե բոլոր տնտեսավարողներն են ներդրել հսկիչ դրամարկղային մեքենաները:

«Անհրաժեշտ է հավասար տնտեսավարման դաշտ ապահովել ինչպես ՀԴՄ ունեցողների, այնպես էլ այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք այսօրվա պայմաններում պարտավոր էլ չեն այդպիսիք ունենալ, բայց վարում են միեւնույն գործունեությունը» - ասաց Ալավերդյանը` նկատի ունենալով, անշուշտ, մեծածախ ու մանրածախ տոնավաճառները, որոնց տերերը, օգտագործելով լոբբինգի մեխանիզմներ, կարողացել են նախորդ երեք տարիներին ուղղակի տորպեդահարել բոլոր այն օրենքների նախագծերը, որոնք նախատեսում են հսկիչ սարքերի տեղադրում նաեւ տոնավաճառներում։

Հարկային պետական ծառայության պետի տեղակալը հույս հայտնեց, որ Ազգային ժողովի աշնանանային նստաշրջանում այդ խնդիրը վերջապես կլուծվի։


Ատոմ Մարգարյան