Մալաբոյում արդեն հարցաքննվել է հայ օդաչուներից մեկը

Չորեքշաբթի օրը Հասարակածային Գվիենայի մայրաքաղաք Մալաբոյում ընթացող դատավարության հերթական նիստում հարցաքննվել է պետական հեղաշրջման փորձի մասնակցության մեջ մեղադրվող վեց հայ օդաչուներից առաջինը: Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության` հինգշաբթի օրը տարածած տեղեկության, հարցաքննվել է 41-ամյա Սամվել Դարբինյանը:

«Երեկ կեսօրից հետո հարցաքննվել է օդանավի հայ հրամանատարը, որը շատ հստակ պատասխանել է բոլոր հարցերին, որով եւս մեկ անգամ վկայվում է, որ հայ օդաչուները որեւէ կապ չունեին դավադրության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը` ավելացնելով, որ օտարերկրացի` մասնավորապես հավավաֆրիկացի ամբաստանյալների վկայություններն էլ ապացուցում են հայ օդաչուների անմեղությունը. - «Հարավաֆրիկացիները բոլորն էլ հերքել են, թե հայ օդաչուները մասնակցել են որեւէ բանի»:

Հասարակածային Գվինեայում ընթացող դատավարությանը շարունակում է հետեւել հայ դիվանագետների խումբը՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Նույնիսկ աֆրիկյան պետությունների շարքում Հասարակածային Գվինեան աչքի է ընկնում ավտորիտար բարքերով, իսկ երկրի բազմամյա նախագահ Թեոդորո Օբյենգ Նգուեմային միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը նույնիսկ դասել էր ժամանակակից ամենադաժան 10 բռնակալների թվին: Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ դատական գործընթացը Հասարակածային Գվինեայում կընթանա առանց խախտումների, Համլետ Գասպարյանը պատասխանեց. - «Ես կխուսափեի առհասարակ որեւէ որակումներ տալուց: Մենք հայտնել ենք մեր ցանկությունը այդ երկրի իշխանություններին, որպեսզի դատավարությունը լինի օրենքի պահանջներին համապատասխան: Իրենք ժամանակին մեզ հավաստիացումներ են տվել, որ արդարամիտ դատավարություն է լինելու»:

Մալաբոյում գտնվող հայ դիվանագետների վկայությամբ, օդաչուների թե առողջական թե հոգեբանական վիճակը նորմալ է: Ըստ Համլետ Գասպարյանի հայկական պատվիրակության նախորդ այցերի ժամանակ հաջողվել է բարելավել հայ օդաչուների բանտային պայմանները: Կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացիները նաեւ հայտնել են, թե նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ Հասարակածային Գվինեայի իրավապահները բռնություն չեն կիրառել: Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ դեռ մարտի 17-ին մահացել էր ամբաստանյալներից Յուջին Ներշը: Գվինեական իշխանությունները նշել էին, թե մահվան պատճառը մալարիան է: Հակառակ այդ հաղորդագրության, «Էմնիսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, թե ամբաստանյալը մահացել էր գործադրված կտտանքների արդյունքում:

«Մեր օդաչուների նկատմամբ նման բաներ, փառք Աստծո, չեն եղել, եւ իրենք էլ նման բողոքներ չեն հայտնել», - ասաց Գասպարյանը:

Հասարակածային Գվինեայում տեղի ունեցող իրադարձությունները, մինչդեռ, էլ ավելի են նմանվում միջազգային սկանդալի: Դատավարության առաջին իսկ օրը՝ օգոստոսի 23-ին Հարավաֆրիկյան հանրապետությունում ձերբակալվեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի որդին` Մարկ Թետչերը, ով մեղադրվում է Հասարակածային Գվիենայում չկայացած հեղաշրջումը ֆինանսավորելու մեջ:


Գեւորգ Ստամբոլցյան