Ընդդիմության ներկայացուցիչը հանում է իր թեկնածությունը

«Հանրապետություն» կուսակցության անդամ Խաչիկ Սիմոնյանը որոշել է հանել իր թեկնածությունը՝ Ազգային Ժողովի պատգամավորի արտահերթ ընտրություններից` երկուշաբթի օրը տարածած հայտարարությամբ դա պատճառաբանելով, թե թիվ 44 ընտրատարածքում գործում են «նույն անօրինական ու արտաքաղաքական մեխանիզմները», որ գործել են նախորդ ընտրություններում:

«Թիվ 44 ընտրատարածքում քաղաքական պայքար ըստ էության չկա», - վկայակոչելով իր կուսակցի հայտարարությունը` «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցը: - «Քաղաքական պայքարը փոխարինված է իշխանության երկու խմբավորումների կլանային ռազբորկաներով, ինչի պատճառով ինքը հանում է իր թեկնածությունը եւ իր ընտրողներին կոչ է անում միավորել ջանքերը հանուն պայքարի, որ նպատակն է երկրում սահմանադրական կարգի վերականգնումը»:

«Քանի որ Խաչիկ Սիմոնյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը, բնականաբար, նա չի կարող կոչ անել իր քվեն տալ իշխանության այս կամ այն խմբավորման ներկայացուցչին», - ավելացրեց Սուրենյանցը:

Նշված ընտրատարածքում, որ գտնվում է Եղվարդում, մրցակցում են իշխանական կուալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, գործարար Արտակ Սարգսյանը եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության (որի պատվավոր նախագահը երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է) աջակցությունը վայելող գործարար Արայիկ Հայրապետյանը:

Ի պատասխան թեկնածուների` ընտրություններում հաղթելու հնարավորությունները գնահատելու խնդրանքին, Սուրեն Սուրենյանցը ասաց. - «Քանի որ քաղաքական պայքար չի լինելու, եւ հասարակության քվեն վճռորոշ չի լինելու, այս երկու խմբավորումներից ով ավելի արդյունավետ կիրառի ռեպրեսիվ մեքենայի ազդեցությունը, նա էլ անխուսափելի հաղթանակ կտանի»:

Արայիկ Հայրապետյանի նախընտրական շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «դրական» է գնահատում ընդդիմության ներկայացուցչի կողմից թեկնածությունը հանելու փաստը. - «Ամենայն հավանականությամբ, ունենալով բավականին մեծ ընտրազանգված, բայց գնահատելով իրավիճակը լրջորեն` ինքը հանել է իր թեկնածությունը»:

Դիտարկմանը, թե Սիմոնյանը իր հայտարարության մեջ նշել է, որ «ընտրատարածքում հասարակության կարծիքը ստորադասվում է վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի տոտալ կիրառմանը, քաղաքական պայքարը իր տեղը զիջել է ապօրինի իշխանության տարբեր խմբավորումների կլանային գզվռտոցին», Արայիկ Հայրապետյանի շտաբի պետը ասաց. - «Ընտրակաշառք չի եղել, չի գործում հիմա: Այս պահին գնում է լուրջ ընտրապայքար` քաղաքական իմաստով»:

Տիգրան Պետրոսյանցը ասաց նաեւ, թե որեւէ փաստ չի կարող բերել, թե իրենց հիմնական մրցակից Արտակ Սարգսյանը կիրառում է ընտրակաշառք:

«Առ այսօր նման փաստի կամ նման գործընթացի մասին խոսակցություններ եթե անգամ հեռավոր լինում են, դա չի նշանակում, որ եղել են: Լինելու դեպքում անպատճառ ոչ թե մեր պատվավոր նախագահի [գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի], այլ օրենքի ուժը ունենալով` կփորձենք սահմանափակել»:


Ռուզան Խաչատրյան