Քաղաքապետարանի ենթակայության բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել

Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատության քաղաքապետարանի ենթակայության բոլոր ոլորտներում գրանցվել է 35-47 տոկոսի աճ:

«2003 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատած, համայնքային բյուջեների սեփական եկամուտները աճել են 47 տոկոսով», - օրինակ բերեց քաղաքապետը` նման առաջընթացը բացատրելով քաղաքապետարանի եւ համայնքների «համակարգված աշխատանքով»:

Շարքային երեւանցիները, մինչդեռ, դրական ցուցանիշներ պարունակող վիճակագրությունից զատ ամեն օր առնչվում են մայրաքաղաքին անհարիր երեւույթների` չաշխատող լուսաֆորներ, անկանոն երթեւեկություն, հակահիգիենիկ պայմաններում իրականացվող փողոցային առեւտուր եւ այլն: Ու այս հարցերում տեսանելի տեղաշարժեր չեն դիտվել ոչ մի քաղաքապետի օրոք:

Երվանդ Զախարյանը, անդրադառնալով քաղաքաշինական խնդիրներին, «իրատեսական» որակեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքները 2006 թվականի վերջին ավարտին հասցնելու ծրագրերը:

Այս ոլորտում ամենացավոտ հարցը, թերեւս հողահատկացումներն են: Կարծես ավանդույթ է դարձել` հողահատկացումների վերաբերյալ բոլոր հարցերին ի պատասխան գրեթե բոլոր քաղաքապետերը ասում են, թե այդ հատկացումներն իրենցից առաջ են արվել: Երվանդ Զախարյանն էլ այս առումով բացառություն չէ. վերջերս մամուլում քննարկման առարկա դարձած Իսահակյան 28 հասցեում նոր սրճարանաշինության կապակցությամբ Զախարյանը ասաց, թե հատկացումը իր նախորդներից մեկն է արել:

«Մամուլի միջամտությունից հետո իմ կողմից դրա նախօրեին դադարեցվել էին հողային աշխատանքները: Այդ նույն օրը հանրապետության նախագահի հանձնարարությամբ ամբողջ տարածքը բերվել է նախկին վիճակին», - ասաց քաղաքապետը:

Ամենաշատը այս առումով խոսվել է, թերեւս, Օպերայի շրջակայքի եւ Օղակաձեւ զբոսայգու վերաբերյալ: Երվանդ Զախարյանը այսօր ասաց. - «Օղակաձեւ այգին եւ Օպերայի շրջակայքը մենք գույքագրել ենք: Օղակաձեւ այգում ոչ մի քառակուսի մետր ազատ տարածք չկա, եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող որեւէ մի քառակուսի մետր հատկացնել ինչ-որ մի քաղաքացու»:

Օպերայի շրջակայքի այն տարածքներում, որոնք հատկացվել են, բայց շինարարություն դեռ չի սկսվել, քաղաքապետի կողմից շինարարությունը արգելվել է:

Ընդհանրապես, քաղաքապետի պատկերացմամբ, կգա մի օր, երբ պետությունը կփոխհատուցի այդ տարածքների տերերի ծախսերը, եւ Օպերայի շրջակայքը նորից կդառնա կանաչ տարածք: Կփոխհատուցի, հավանաբար, բյուջեի, ասել է թե` հարկատուների հաշվին:

Ուշագրավ են ապօրինի շինարարության դեմ [ավտոտնակներ, մեծ ու փոքր այլ կառույցներ] պայքարի մասին քաղաքապետի խոսքերը: «Տիեզերական լուսանկարահանումները Երեւան քաղաքի ունենք», - հայտարարեց Երվանդ Զախարյանը: - «Առաջիկա 10 օրերի ընթացքում վերծանման աշխատանքները կավարտվեն, եւ մենք հնարավորություն կունենանք վերծանման աշխատանքներից հետո այս վերջին 3-4 ամիսներին տրված բոլոր փաստաթղթերը, տեղեկանքները համեմատելու տիեզերական նկարահանումներին հետ»:

Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ Սեւադա Հայրապետյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց, որ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում Երեւան քաղաքում հայտնաբերել է 42 ապօրինի շինություն, արձանգրվել է հողազավթումների 22 դեպք :

Հայտնաբերված խախտումների համար տեսչությունը նշանակել է մոտ 12 միլիոն 790 հազար դրամի տուգանք: Տուգանքի ենթակվողների թվում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա: Հայրապետյանը հրաժարվեց տալ նրանց անունները` պատճառաբանելով, թե խախտումների մասին տեղեկությունները ուղարկվել են դատարան, եւ պաշտոնյաների անունները կհրապարակվեն դատարանի որոշումից հետո միայն:

Չարաշահումների համար տուգանվելու են նաեւ Գյումրիի, Կապանի, Ջերմուկի, Աբովյանի քաղաքապետերը` յուրաքանչքյուրը 100-200 հազարական դրամ:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետին, ապա քաղաքաշինական պետական տեսչության պետը կարծում է, որ Երեւանի քաղաքապետին տուգանել չի կարելի:

«Երեւանի քաղաքապետի պաշտոնը բավականին ծանր պաշտոն է, բարդ պաշտոն է», - ասաց նա` հարցին էլ թե արդյո՞ք դա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետը անձեռնմխելի է, պատասխանելով. - «Բացարձակապես անձեռնմխելի չէ: Եթե մենք գտնենք, որ Երեւանի քաղաքապետ պարոն Զախարյանը կատարել է շատ կոպիտ խախտումներ, անպայման տուգանելու ենք»:

Հայրապետյանը ավելացրեց, սակայն, թե որպես քաղաքաշինական պետական տեսչության պետ ինքը չի տեսել կոպիտ խախտումներ Երվանդ Զախարյանի կողմից: Նրա խոսքերով, Երեւանի քաղաքապետին տուգանելը պետք է քաղաքական որոշման արդյունք լինի:


Աննա Սաղաբալյան եւ Ռուզաննա Ստեփանյան