Շարունակում է աճել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 10 տոկոսով՝ կազմելով 33 հազար մարդ:

«Մարիոթ - Արմենիա» հյուրանոցի կոմերցիոն տնօրեն Արման Մանուկյանի խոսքերով, առաջընթացը հատկապես զգալի է, երբ խոսքը բուն զբոսաշրջության մասին է:

«Խոսքը վերաբերում է ոչ կորպորատիվ, այսինքն՝ բուն տուրիստ հասկացությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը: - «Անցած տարիների հետ համեմատած տարին տարվա վրա աճը անհամեմատելի է»:

Զբոսաշրջության նպատակով հիմնական այցելուները եվրոպական երկրներից են: Միաժամանակ աճել է նաեւ արեւելյան երկրներից այցելուների թիվը:

«Չինացիներն ու ճապոնացիներն են մեծ ակտիվություն ցուցաբերում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության փոխտնօրեն Անժելա Սաքսը:

Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը գոյություն ունի արդեն 3 տարի: Հիմնականում հենց այս կազմակերպության վրա է դրված Հայաստանը որպես տուրիստական շուկա գովազդելու պարտականությունը: Աշխատում է գովազդը, թե ոչ, ամեն դեպքում, զբոսաշրջության բնագավառում զգալի աճ նկատվում է: Ընդ որում, ինչպեսեւ «Մարիոթ - Արմենիա»-ի գործադիր տնօրենը, Արժելա Սաքսը նույնպես խոսում է հատկապես ոչ գործնական նպատակներով Հայաստան այցելողների թվի աճի մասին:

«Գործնական նպատակով եկած տուրիստների քանակը նվազել է այս տարի, իսկ հանգստի եւ ժամանցի համար եկած տուրիստների թիվը աճել է», - ասաց նա:

Եթե անցյալ տարի հունվար - մարտ ամիսներին ոչ գործնական նպատակով, այսինքն՝ հանգստանալու համար Հայաստան էր այցելել 351 մարդ, ապա այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում հանգստանալու էր եկել արդեն 1062 մարդ:

2003 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 27 տոկոսով. Անցյալ տարի Հայաստան էր այցելել շուրջ 206 հազար զբոսաշրջիկ:

Սաքսի պատկերացմամբ, տարեկան 500 հազար զբոսաշրջիկը այն մինիմումն է, որին պետք է ձգտի Հայաստանը: Իհարկե, այս ցուցանիշին հասնեու համար բավական խոչընդոտներ կան՝ ավիաընկերությունների գնային քաղաքականությունը, երկրի գովազդի համար նախատեսված միջոցների սղությունը, հյուրանոցների դեռեւս բարձր գները:


Աննա Սաղաբալյան