Մարդիկ դեռեւս որպես տոն չեն ընկալում Սահմանադրության օրը

Հայաստանն այսօր նշեց Սահմանադրության օրը: Տոնական ուղերձներով են հանդես եկել երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը: Հայաստանի քաղաքացիներից շատերը, այդուհանդերձ, դեռեւս որպես տոն չեն ընկալում երկրի Սահմանադրության ընդունման տարելիցը:

«Սահմանադրության ընդունումը ամեն մի ժողովրդի եւ պետության համար ունի պատմական նշանակություն։ Այն հզոր խթան եղավ Հայաստանի օրենսդրության արմատական բարեփոխման, ինչպես նաեւ ժողովրդի իշխանության ամրագրման ու օրենքի գերակայության հաստատման», - ասված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում: - «Գործող Սահմանադրությունը բազմիցս դրսեւորել է իր կենսունակությունը։ Նրա անշեղ կատարումն է երաշխավորում օրինականությունն ու կայունությունը երկրում»:

ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի, ՀՀ իրավաբանների միության եւ միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհուրդների՝ այսօր անցկացրած համատեղ նիստում Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, կարծես հաստատելով նախագահի տեսակետը, ասաց. - «Քանի գնում՝ այս փոքրիկ բրոշյուրի նկատմամբ իմ հարգանքը եւ պատկառանքը ուժեղանում է, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ իսկապես այս Սահմանադրությունը արդարացնում է իրեն կյանքում»:

Համատեղ նիստին մասնակցող մյուս իրավաբաններն ու գիտնականները, սակայն, փոքր-ինչ այլ կարծիքներ հայտնեցին: Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Հայաստանի իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, օրինակ, ասաց. - «Սահմանադրության նշանակությունը, ցավոք սրտի, իմ կարծիքով, մեր հասարակությունը դեռեւս չի ընկալել ամբողջությամբ: Սահմանադրությունը հիշում ենք միայն կրիզիսային ժամանակ, երբ քաղաքական կամ այլ վիճակներ են ստեղծվում եւ պետք է ելք փնտրել... Մնացած ժամանակներում, կարծես թե գոյություն չունի. կարելի է խախտել, կարելի է շրջանցել»:

Երեւանի փողոցներում այսօր «Ազատություն» ռադիոկայանի անցակցրած փոքրիկ հարզախույզը, կարծես, գալիս է դա հաստատելու. մարդկանց մի մասը պարզապես տեղյակ չէ, որ այսօր տոն է, իսկ մյուսները ուրախանալու առիթ չունեն: Մի կին, օրինակ, հարցին, թե այսօր ի՞նչ օր է, պատասախանեց. - «Երկուշաբթի է»:

Իսկ մի տարեց տղամարդ ասաց. - «Սահմանադրություն գոյություն չունի այս երկրում: Բռնատիրական երկիր է այս երկիրը, որովհետեւ դու չես կարողանում օգտվել քո իրավունքներից»:

«Բոլոր [օրենքները] իրենց [իշխանավորների] համար են», - ավելացրեց մեկ ուրիշ տղամարդ: - «Սաղ այգիները սարքել են իրենց համար կաֆեներ, ռեստորաններ, բարեր»:

Նախագահ Քոչարյանի ուղերձում նշված է նաեւ, որ «մեր հասարակության մեջ հասունացել է Սահմանադրությունը կատարելագործելու, զարգացման արդիական պահանջներին համադրելու անհրաժեշտություն»։ Անցած գարնանը, հիշեցնենք, Սահմանադրական փոփոխությունները չանցած համաժողովրդական հանրաքվեով:

Հայաստանի իշխանությունները պարտավորվել են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնել մինչեւ 2005 թվականի հունիսը: Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, մինչդեռ, մտավախություն ունի, որ այս անգամ էլ հանրաքվեի ձախողման հավանականությունը մեծ է:

«Ամենակարեւոր խնդիրը, որ քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտ մակարդակը այսօր դեռ չի ստեղծվել, եւ մենք լուրջ խնդիր ունենք, որ կրկնվելու է 2003 թվականի նախադեպը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թոխյանը:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Ստեփանյան