Մամուլի տեսություն

«Երկիր» թերթը կարեւորում է, որ Ստրասբուրգում նախագահի ելույթում հնչած մտքերն ու դիրքորոշումները, առաջին հերթին՝ տարածաշրջանային գործընթացների, Արցախի հարցի հայանպաստ լուծման, հայ-թուրքական հարաբերություններում պատմական արդարության վերականգնման եւ Ցեղասպանության ճանաչման սկզբունքների պահպանման, ժողովրդավարական արժեքների խորացման, կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամությունը դառնան մեր պետության ու հասարակության հետագա զարգացման ուղենիշեր: Եվ «Երկիր»-ի շեշտադրմամբ, այս մոտեցումը կարող է դառնալ «ներքաղաքական ու ներհասարակական համաձայնության հիմքը»:

Օրերս Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում, նկատի ունենալով ընդդիմության կողմից բարձրացված հեղափոխական ալիքը եւ ստրասբուրգյան քննարկումները, հայտարարեց. - «Կարծում եմ, այս էջը փակել ենք՝ կապված ներքաղաքական ինչ-որ սպասելիքների կամ իրադարձությունների հետ»: «Փակված էջի տեսությունը անմիջապես արտահայտվել է եւ գործնական քայլերով», - արձագանքում է «Իրավունք»-ը: - «Այսպես, վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի՝ 1,5 տարվա ազատազրկման վճիռը ոստիկանի գլխին պլաստիկե շշով հարվածած Էդգար Առաքելյանի նկատմամբ, մինչդեռ զուտ քաղաքական առումով իշխանության համար դրա անհրաժեշտությունը զրոյական էր»: Այնպես որ, «Իրավունք»-ի ընդհանրացմամբ՝ եթե իշխանությունները արձանագրում են «էջի փակումը», ապա, ամենայն հավանականությամբ, սկսելու են ճնշել բողոքի ցանկացած դրսեւորում, անգամ եթե դա ուղղված է ընդդեմ ոչ թե իշխանությանը որպես այդպիսին, այլ՝ առանձին վերցրած իշխանավորի: Մյուս կողմից, «Ռոբերտ Քոչարյանի մատնանշած էջը եթե անգամ փակվել է, ապա նորը բացողների պակաս չի զգացվում», - ամրագրում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի պատկերագծմամբ՝ նախագահ Քոչարյանի սրտասբուրգյան ելույթից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր ազդակ է ի հայտ եկել, ընդ որում՝ բոլորի համար: «Երկրի նախագահն իր վարկանիշը բարձրացրել է էականորեն ու պարտավորված է պահել այդ բարձրությունը իր հետագա գործողություններով: Հասարակությունը վստահության լիցքեր է ստացել: Ընդդիմությունն էլ», - ներշնչում է թերթը, - «ստիպված պիտի մարտավարական ու թերեւս նաեւ ռազմավարական հսկայական ճշգրտումներ մտցնի իր գործելակերպում՝ ոչ միայն ի շահ երկրի հզորության ու կայունության եւ հասարակության միասնականացման, այլեւ՝ սեփական սեփական քաղաքական երկարակեցության»:

«Նախօրեին Կինոյի տան դահլիճում Արտաշես Գեղամյանի ունեցած «ծրագրային» ելույթը Ռուսաստանի ու Բելառուսի ջերմ բարեկամի համարում ունեցող եւ անգամ Հայաստանի ռուսամետ ընդդիմության ղեկավարը համարվող «Ազգային միաբանության» առաջնորդին շատ թե քիչ ճանաչողների զարմանքն ու տարակուսանքը առաջացրեց: Քանզի», - անդրադառնում է «Հայոց աշխարհ» թերթը, - «Մամիկոնիչը հանդես եկավ հստակորեն ամերիկամետ հայտարարություններով՝ արձանագրելով իր կտրուկ, գրեթե 180 աստիճանի ամերիկյան դիմաշրջման փաստը»: «Հայոց աշխարհ»-ի համոզմամբ, այս շրջադարձը եւս, սակայն, Գեղամյանին չի օգնի, քանզի «նմանները ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Միացյալ Նահանգներին պետք չեն»:

«Կա կարծիք, թե հարթակում գործող ընդդիմությունը միջազգային հանրությանը ներկայանալու խնդիր ունի, որ նա մեծ մասամբ ռուսական կողմնորոշում ունի, ինչն իրեն խանգարում է եվրոպական արժեքներ դավանողներին ներկայանալու համար»: «Առավոտ»-ի այս հարցադրմանը ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը արձագանքել է. - «Ռուսամետությունը վերագրվում է ողջ ընդդիմությանը, եւ այդ մեղադրանքն արդարացված չէ: Նույն կերպ, ասենք, աջերին կարելի է մեղադրել ընդգծված եւ միակողմանի արեւմտամետության մեջ: Եվ ՀԺԿ-ն, եւ մեր դաշինքը 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած իր ծրագրերում որեւէ շեշտված ռուսամետություն կամ արեւմտամետություն չեն դրսեւորել: Այդ առումով ավելորդ է անգամ ասել, որ մենք մեզ շրջապատող հարեւանների հետ պետք է ոչ թե ճակատ ունենանք, այլ՝ բաց սահմաններ, ինչպես բոլոր նորմալ պետություններն են», - լրացնում է ՀԺԿ ներկայացուցիչը:

«Խաբեություն աղքատության հաղթահարում անվանմամբ» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր անդրադառնում է. - «Հայաստանի ղեկավարները սիրում են տեղի-անտեղի հիշատակել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որի իրականացմամբ մինչեւ 2015 թ. աղքատության խնդիրը հիմնականում իբր պետք է լուծված լինի: Սակայն, աղքատության հաղթահարում ասելով, նրանք բոլորովին այլ բան են հասկանում, ի տարբերություն աղքատության միջազգայնորեն ընդունված սահմանման: Մեր կառավարության համար աղքատության սահմանագիծ է համարվում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանած եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից մեծ խանդավառությամբ հիմք ընդունած ցուցանիշը: Խոսքը չարաբաստիկ 12 հազար դրամի մասին է, որից ավելի եկամուտ եթե մեկ ամսվա ընթացքում մեկ անձն ունենա, ապա նա, ըստ նշյալ կառույցների «հանճարեղ» եզրակացության, այլեւս աղքատ չէ»: Արձանագրվում է նաեւ, որ 11 տարի հետո ներկայիս 22 դոլարի փոխարեն աղքատության սահմանագիծը կբարձրանա ամբողջ 3 դոլարով՝ կազմելով 25 դոլար: «Այդ ժամանակվա համար կանխատեսվող 622 դրամ 1 դոլարի համար փոխարժեքի դեպքում, հարկ կա՞ մեկ անգամ եւս նշելու, որ դա ծաղրուծանակ է սեփական ժողովրդի նկատմամբ», - գրում է մեկնաբանը: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականին Հայաստանում պետք է տարեկան կազմի 2000 դոլար: «Ազգ»-ում համեմատության համար նշվում է, որ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը դեռեւս 1998-ին կազմել է 2110 դոլար, իսկ զարգացած երկրներում՝ շուրջ 22 հազար դոլար. - «Հետեւաբար մի քանի տարի հետո միջին եվրոպական ցուցանիշներին հասնելու մասին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի վերջերս արված հավաստիացումներն առնվազն ծիծաղելի են»:


Վաչե Սարգսյան