Աշխարհի ամենամեծ մեդիա ընկերությունը ցանկանում է գնել ամերիկահայ մեծահարուստին պատկանող կինոստուդիան

Ինչպես հինգշաբթի օրը տեղեկացրել են «Նյու Յորք Թայմս» եւ «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» ամերիկյան թերթերը, «Թայմ Ուորներ»-ը, որը աշխարհի ամենամեծ մեդիա ընկերությունն է, նախնական առաջարկ է արել ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոարտադրող ընկերությունը 4 միլիարդ 700 միլիոն դոլարով գնելու վերաբերյալ:

Քըրք Քըրքորյանին է պատկանում «Մետրո Գոլդվին Մեյեր»-ի բաժնետոմսերի 74 տոկոսը: «Թայմ Ուորներ»-ն առաջարկել է ամերիկահայ մեծահարուստին պատկանող յուրաքանչյուր բաջնետոմսի համար վճարել 11,5 դոլար, մնացած բաժնետերերին՝ 13 դոլար յուրաքանչյուր արժեթղթի դիմաց:

Ավելի վաղ «Մետրո Գոլդվին Մեյեր»-ը 5 միլիարդ դոլարով գնելու առաջարկ էր արել «Սոնի» ճապոնական ընկերությունը:

«Մետրո Գոլդվին Մեյեր»-ի բաժնետերերի հավաքում, որը գումարվել է այս շաբաթ Լոս Անջելեսում, ընկերության գործադիր ղեկավար Ալեքս Յեմենիջյանը ասել էր. - «Մենք ավելի շատ ռազմավարական այլընտրանքներ ունենք, քան կարծում էինք, եւ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ դրանք ուսումնասիրելու համար»:

Քըրքորյանին պատկանող ստուդիայում նկարահանվել են մի շարք հայտնի կինոնկարներ, այդ թվում Ջեյմս Բոնդի եւ Ռոքնիի մասին պատմող ֆիլմերի շարքը:

Վերջերս ամերիկահայ մեծահարուստը գնել է «Մանդալայ» ընկերությունը եւ դարձել կազինոների աշխարհի ամենամեծ ցանցի տերը:


Արմեն Դուլյան, Պրահա