Բաքվում ձերբակալվել են հայ զինվորականների ժամանման դեմ բողոքի ցույցի մեկ տասնյակից ավելի մասնակիցներ

Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մի քանի տասնյակ անդամներ, «Թուրան» գործակալության փոխանցմամբ, Բաքվի «Եվրոպա» հյուրանոցի մոտ երեքշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ այդտեղ սկսված ՆԱՏՕ-ի կոնֆերանսին երկու հայ զինվորականների մասնակցության:

Ցույցն ուղեկցվել է իրավապահների հետ բախումներով եւ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» տվյալներով, ազգայնական այդ կազմակերպության 12 անդամներ ձերբակալվել ու տարվել են մայրաքաղաքի տարբեր ոստիկանական բաժանմունքներ:

Մի խումբ ցուցարարներ փորձել են ներխուժել հյուրանոցի նախասրահ՝ կոնֆերասնի աշխատանքը խանգարելու նպատակով, սակայն ոստիկաններն ու հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս են մղել նրանց, ինչից հետո ցուցարարները հեռացել են «Եվրոպա» հյուրանոցի մոտակայքից:

Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, կոնֆերանսի մասնակիցներից տուժածներ չկան:

Գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության ավագ սպա Արամ Հովհաննիսյանը Բաքու են ժամանել երկուշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաքից՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրով գալիք աշնանը Ադրբեջանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին: