Հայ զինվորականները մեկնել են Ադրբեջան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կոնֆերանսին

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, երկու հայ սպա՝ գնդապետ Մուրադ Իսախանյանը եւ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության ավագ սպա Արամ Հովհաննիսյանը երկուշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաքից մեկնել են Բաքու՝ մասնակցելու վաղը բացվող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրով գալիք աշնանը Ադրբեջանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին:

Դեռեւս հունիսի 11-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ադրբեջան մուտք գործելու «գրավոր թույլտվություն» էր տվել հայ զինվորականներին: Ու թեեւ անցած շաբաթ Ադրբեջանի դեսպանը Վրաստանում՝ Ռամիզ Հասանովը, ադրբեջանական հեռուստատեսություններից մեկի հետ հարցազրույցում ասել էր, թե «չի կարող հայազգի զինվորականներին մուտքի վիզա տրամադրել, քանի որ Արդբեջանն ու Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ», Թբիլիսիում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանին հավաստիացրին, թե նշված գրավոր թույլտվությունը բավարար է Ադրբեջան մուտք գործելու համար»:

Մինչեւ Թբիլիսիից մեկնելը գնդապետ Իսախանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հարցին, թե մտավախություն չունի՞ որ մեկնում է մի երկիր, ուր որոշ ազգայնական խմբեր սպառնալի հայտարարություններով են հանդես եկել հայ սպաների հասցեին, պատասխանեց. - «Անգամ եթե ինձ սպանեն, ես պատրաստ եմ գնալ: Ի վերջո ես զինվորական եմ. հրաման են տալիս՝ կատարում եմ»:

Իսկ պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հայ սպաների անվտանգությունը ապահովելու համար, պատասխանեց, որ մասնակիցներից յուրաքանչյուրի՝ այդ թվում եւ հայ զինվորականների անվտանգությունը պետք է ապահովի կոմֆերանսի կազմակերպիչը:

«Միջոցառումը մերը չէ, ոչ էլ ադրբեջանական կողմինը: Դա ՆԱՏՕ-ի միջոցառումն է եւ բոլոր տեսակի հարցերը կարգավորում է ՆԱՏՕ-ն», - ասաց նա:

Անցած հունվարին հայ զինվորականներին չհաջողվեց մասնակցել «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների պլանավորման առաջին կոնֆերանսին՝ դրանում մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին, որոնք խոչընդոտել էին հայ զինվորականների թռիչքը Ստամբուլից Բաքու:


Ռուզաննա Ստեփանյան