Մամուլի տեսություն

«Առավոտ» թերթը «Քաղաքական նոր իրավիճակ» վերնագրի տակ գնահատում է. - «Երեկվա օրը կարելի է ինչ-որ չափով պատմական համարել, քանի որ իշխանական կոալիցիան եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը մոտ հինգ ժամ տեւած խորհրդակցությունից հետո ստորագրեցին համատեղ հայտարարություն, որում արտահայտվում է քաղաքական կոնսուլտացիաների շարունակման պատրաստակամություն»: Չնայած հռչակված «հույժ գաղտնիությանը», «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզել է, որ կողմերի առաջիկա քաղաքական քննարկումների օրակարգում ներառված են հետեւյալ հարցերը՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի, սահմանադրական բարեփոխումների եւ ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումներ, կոռուպցիայի դեմ պայքար, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների բարեփոխում, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության», նրանց համախոհների նկատմամբ հարուցված քրեական գործերի կասեցման հարցեր, Հանրային հեռուստատեսությունում իշխանության եւ ընդդիմության տեսակետների ներկայացման խնդիր, Վստահության հանրաքվեի օրինականության (իրավական) հիմքերի քննարկում: «Չնայած փոխադարձ բավարարվածությանը, կողմերը երեկ վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու, կոալիցիան՝ այդ պաշտոնանկությունը թույլ չտալու գործում: Որքան էլ զարմանալի է, ընդդիմությունը վստահ է, որ համատեղ ձեւավորած քաղաքական կոնսուլտացիաների օրակարգն իրեն տալու է Քոչարյանին պաշտոնանկ անելու հնարավորություն, իսկ կոալիցիան՝ Քոչարյանին պահելու հնարավորություն», - եզրափակված է «Հայկական ժամանակ»-ում:

«Իրավունք» թերթի շեշտադրմամբ, երեկ Ազգային ժողովի խոսնակի առանձնասենյակում կատարվածի բանալին հետեւյալ նախադասությունն է. «Կոնսուլտացիաների մասնակիցները կարեւորեցին քաղաքական նոր իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը երկրում»: Սրանից էլ մեկնաբանը բխեցնում է. - «Ամենայն հավանականությամբ, իշխանամետ ու ընդդիմադիր խորհրդարանական ուժերը հանգել են ինչ-ինչ պայմանավորվածությունների՝ Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հաշվին... Նոր իրավիճակը դժվար թե հանգեցնի ցնցումների, քանզի Հայաստանի ներքաղաքական դաշտը, ըստ էության, դառնում է հույժ բազմաշերտ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակների տեսանկյունից», - ամփոփվում է «Իրավունք»-ում: - «Ամենայն հավանականությամբ, այս ամենը մինչեւ աշնան կեսերը կհանգուցալուծվի իշխանության վերաբաշխման կամ գուցե նույնիսկ փոխանցման՝ բոլորի համար ընդունելի կոնսենսուսային սցենարով»:

«Այն, որ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ՝ ակնհայտ փաստ է ու նոր երեւույթ չէ եւ գնալով խորանում է ու խորանալու է, քանի դեռ ունենք քաղաքական ուժերի այն տեսակը եւ այն որակը, ինչ որ ունենք», - սահմանում է այսօր «Երկիր» թերթի մեկնաբանը: Այս ելակետից էլ կարեւորված է. - «Այսօր քաղաքական ուժերի մեծ մասը՝ ընդդիմադիր թե իշխանամետ, չի գիտակցում, որ պիտի մտահոգվի քաղաքական ճգնաժամի պատճառների վերացմամբ, այն պատճառների, որ ոչ թե իշխանության, այլ հասարակության մեջ են: Թվում է միայն, թե իշխանությունը պետական ինստիտուտներում է: Իշխանությունը իրականում ժողովրդի մեջ է, բայց ժողովուրդն այն կիրառելու քաղաքացիական փորձ չունի»: «Երկիր»-ի մեկնաբանի ընդգծմամբ՝ իշխանություն փոխելու հարց չկա Հայաստանում, որովհետեւ «առկա քաղաքական ու քաղաքացիական մշակույթի պայմաններում ցանկացածը, ով կգա իշխանության, այն կվերածի սեփական շրջապատի բարեկեցության միջոցի: Հայաստանում կա որակ փոխելու խնդիր»:

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում ասում է. - «Ցավոք հանրությունը այդպես էլ չգնահատեց մեզ, չըմբռնեց, թե ով է երկրապահը: Ոմանք կարող է կամենան մեզ սեփական ժողովրդին պատժողի դերում տեսնել, ոմանք էլ հույս ունեն, թե մենք կարող ենք զենքով իշխանության դեմ գրոհել: Երկու դեպքում էլ մեր մասին պատկերացումները սխալ են... Խոսելու եմ: Ասելիք, այո, ունեմ: Բայց այսօր դեռ ժամանակը չէ: Այսօր դեռ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ճշմարտությունը լսել», - ձեւակերպում է Մանվել Գրիգորյանը: - «Դեռ մի քանի արտաքին մարտահրավերների էլ թող մեր երկիրը դիմակայի, դրանից հետո կգա եւ երկրապահի խոսելու ժամանակը»:

Սահակաշվիլին հաղթեց հերթական ու ամենասկզբունքային ճակատամարտում: Սակայն դա տեղի ունեցավ ոչ այն պատճառով, որ Վրաստանի երիտասարդ նախագահը վոին է, կամ էլ՝ Վրաստանի միակ տղամարդը: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Վրաստանի ժողովուրդը հավատում է իր ղեկավարին, տեղի ունեցավ այն պատճառով, որ Վրաստանի ժողովուրդը եւ իշխանությունը մեկ ամբողջություն են, եւ իշխանությունը ծնվել է ժողովրդից», - իմաստավորում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Աբաշիձեի հրաժարականից հետո Սահակաշվիլիի միջազգային առանց այն էլ բարձր հեղինակությունը էլ ավելի կաճի, եւ միանշանակ է, որ միջազգային հանրության կողմից նա սկսելու է ընկալվել որպես հարավկովկասյան տարածաշրջանի ժողովրդավարական լիդեր, ու Հարավային Կովկասի հարցերի կարգավորման գործում էական է լինելու նրա կարծիքը»: Այս առումով, ըստ «Հայկական ժամանակ»-ի, Հայաստանը միանշանակ նոր խնդրի առաջ է կանգնում. - «Ռոբերտ Քոչարյանը այլեւս չի կարող Հայաստանը ներկայացնել ցանկալի լույսի ներքո, եւ նա այսուհետ մշտապես մնալու է Սահակաշվիլիի ստվերում: Ուստի, Հայաստանի համար օրախնդիր է դառնում Սահակաշվիլիին համարժեք լիդեր ունենալը»:

«Հայոց աշխարհ» թերթի վերլուծությամբ, Վրաստանը «սկսում է վերախմբագրել իր նախորդ ղեկավարների պարզունակ պատկերացումները բարեկամների ու թշնամիների մասին եւ ազատվել հետխորհրդային շրջանի կարծրացած մտակաղապարների բեռից». - «Նույնը նկատվում է նաեւ Վրաստանի ներսում՝ հայկական ու ադրբեջանական համայնքների հանդեպ Վրաստանի նոր իշխանությունների որդեգրած մոտեցումների մեջ, որոնք նույնիսկ ավելի հայամետ են, քան ադրբեջանամետ»: «Հայոց աշխարհ»-ի արժեվորմամբ՝ նոր իրողությունները «բարենպաստ պայմաններ են ստեղծում հայ-վրացական հարաբերությունների որոշակի սառնությունը հաղթահարելու եւ կուտակված խնդիրները լուծելու, ինչպես նաեւ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող մայրուղիները ավելի բանուկ ու անվտանգ դարձնելու համար»:


Վաչե Սարգսյան