Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը ակնկալելի էր ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկման արդյունքում ընդունված բանաձեւում, որով այդ կազմակերպության հանձնարարականների կատարման համար ժամկետ է տրվել մինչեւ գալիք սեպտեմբեր, սեփական դիրքորոշումների հաստատում են տեսնում հայաստանյան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Բանաձեւը, նշելով հանդերձ, որ «անվտանգության ուժերի կողմից [ապրիլի լույս 13- գիշերը] հանրահավաքի 2000-3000 մասնակիցներին դաժանորեն ցրելը» հակասում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2004-ի հունվարին ընդունած բանաձեւում ձեւակերպված «պահանջների ոգուն եւ օրենքի տառին», փաստորեն, պաշտպանել է հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը վստահության հանրաքվեի եւ անցած տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրինականության հարցում:

Մեկնաբանելով ընդունված բանաձեւը, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հիշեցնելով անցած հունվարին Եվրախորհրդում ընդունված բանաձեւը, ասաց. - «Ըստ էության ոչինչ էլ չավելացավ [հունվարյան առաջարկություններին]: Մենք, իհարկե, սկզբունքորեն ընդունենք, թե չընդունենք, այդ ուղղությամբ աշխատանքները տանելու ենք առաջ»:

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը չհամաձայնեց տեսակետին, թե Ստրասբուրգում երեկ ընդունված բանաձեւի մի շարք կետերում իշխանությունները հետեւողական չեն:

«Եթե դուք մոնիտորինգ անեք վերջին շրջանի օրենսդրական գործունեությունը, պարզ կլինի, որ այս ուղղությամբ աշխատանք կա», - ասաց նա: - «Մասնավորապես, եթե ես չեմ սխալվում, Վարչական օրենսգրքում փոփոխությունների խնդիրը պարտավորությունների մեջ է մտնում»:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը փոխանցեց, թե «սպասելի էր Եվրախորհրդի նման դիրքորոշումը»:

«Մենք տեսնում ենք այդ [բանաձեւի] կետերի մեջ նաեւ մեր մոտեցումները», -ասաց Կարապետյանը: - «Նաեւ տեսնում ենք այն մոտեցումները, որոնք արտացոլված են [«Արդարություն»] դաշինքի վերջերս ներկայացրած կետերի մեջ, որոնք այդպես էլ, ցավոք, սրտի, չքննարկվեցին»:

Ընդդիմադիրների կարծիքով, Ստրասբուրգում ընդունված բանաձեւը համահունչ է իրենց ներկայացրած պահանջներին:

«Միանշանակ սա է տեսակետը՝ համահունչ են ընդդիմության պահանջներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, - «որոնք երկխոսության առարկա չեն, այլ սահմանադրական նորմեր են եւ պարտադիր են կատարման համար»:

Դիտարկմանը, թե բանաձեւը իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ է անում զերծ մնալ ցանկացած այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա բնությունների, ինչպես նաեւ՝ երկխոսություն սկսել առանց որեւէ նախապայմանների, Ստեփան Դեմիրճյանը արձագանքեց. - «Այս կոչը ըստ էության վերաբերում է իշխանություններին: Իշխանություններն են թույլ տալիս բռնություններ ձերբակալություններ եւ այլն: Ինչ վերաբերում է երկխոսությանը, մինչեւ մենք չտեսնենք որոշակի գործնական քայլեր, ապա երկխոսության մասին խոսելը պարզապես անլուրջ է եւ անիմաստ»:

Դեմիրճյանի ընկալմամբ, թեեւ Եվրախորհրդի բանաձեւում խոսք չկա Հայաստանում վստահության հանրաքվե անցկացնելու մասին, բայց «փաստաթղթի տրամաբանությունը հուշում է, որ հանգուցալուծումը հենց դա է»:

Ընդդիմության ղեկավարներին Ազգային ժողովրդակարական միության նախագահ (ԱԺՄ) Վազգեն Մանուկյանի խոսքերով, բանաձեւը պարտադրում է, որ Հայաստանը կատարի իր ստորագրած բոլոր կոնվենցիաները՝ ազատ տեղաշարժեր, ազատ հանրահավաքներ, ձերբակալվածների ազատում: «Ավելին, անկեղծ ասած, չէի սպասում» - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը:

ՀԿԺ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանի խոսքերով, բանաձեւի դրույթները պարտավորեցնող են, նաեւ «սպառնալիք կա, որ սեպտեմբերին կարող են պատժամիջոցներ կիրառվել»: Նրա խոսքերով, այսօր արդեն իշխանություններից է կախված, թե որքանով են վերջիններս պատրաստ իրականացնել այդ հանձնարարականները:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, Եվրախորհրդի ընդունած բանաձեւը չի կարող ազդեցություն ունենալ ընդդիմության գործողությունների վրա, որովհետեւ ընդդիմության քայլերը պայմանավորված չեն եղել այդ քննարկմամբ:

«Մեր պահանջները հստակ են եւ բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոգուց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալբերտ Բազեյանը:


Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան