Վալտեր Շվիմեր. - «Պատրաստ ենք միջնորդել, որպեսզի երկխոսությունը կայանա»

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ այսօր կայանալիք լիագումար նիստից առաջ հրավիրած ասուլիսում, անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին, այդ կառույցի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը կրկին երկխոսության կոչ արեց դիմակայող կողմերին՝ հայտնելով նաեւ Եվրախորհրդի պատրաստակամությունը միջնորդել այդ երկխոսությանը:

«Եվրոպայի խորհուրդը կողմ է իշխանությունների եւ ընդդիմության երկխոսությանը ու նման փորձը բազմիցս հաջողությամբ կիրառել է տարբեր երկրներում», - ասաց նա: - «Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրատապ քննարկումներից հետո մենք, համաձայն ընդունվելիք առաջարկությունների, պատրաստ ենք միջնորդել, որպեսզի երկխոսությունը կայանա»:

Նա նաեւ հավաստիացրեց, որ Երեւանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ամեն բան կանի, որպեսզի կողմերը նստեն երկխոսության սեղանի շուրջ:

«Պետք է ներդրվի երկխոսության գործուն մեխանիզմ, եւ ընդդիմությունը փողոցներից պետք է վերադառնա խորհրդարան», - ավելացրեց Վալտեր Շվիմերը:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ասաց նաեւ, որ վերջին զարգացումների արդյունքում Հայաստանում ստեղծված կացությունը պետք է լուծում գտնի «ժողովրդավարական-իրավական սկզբունքների հիման վրա» եւ անվերապահորեն պետք է հարգվեն մարդու իրավունքները:

Այս առումով, նա շեշտեց Հայաստանի կառավարության եւ հատկապես իրավապահ մարմինների պատասխանատվությունը՝ երաշխավորելու, որ ցուցարարների նկատմամբ չօգտագործվեն «ծայրահեղ կամ իրավիճակից չբխող միջոցներ»:

«Ցուցարարներին էլ կոչ եմ անում, որ սեփական բողոքը արտահայտեն բացառապես խաղաղ միջոցներով՝ զերծ մնալով որեւէ բռնությունից», - ասաց Շվիմերը:

Այսօր ավելի ուշ հրապարակված՝ լիագումար նիստում խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք նախնական զեկույցում, դատապարտելով ապրիլի լույս 13-ի գիշերը «անվտանգության ուժերի կողմից հանրահավաքի 2000-3000 մասնակիցներին դաժանորեն ցրելը», նշվում է, որ նման «գործողությունները հակասում են 2004-ի հունվարին ընդունած 1361 բանաձեւում ձեւակերպված պահանջների ոգուն եւ օրենքի տառին»:

Վեհաժողովը պահանջում է, որպեսզի «Հայաստանն անհապաղ կատարի իր ստանձնած պարտավորությունները»:

«Զանգվածային ձերբակալությունները, այդ թվում Վարչական օրենսգրքի հիման վրա, անտեսել են վարչական կալանքներին գործնականում վերջ տալու եւ Վարչական օրենսգիրքը, որն օգտագործվում է որպես այդ գործընթացի օրենսդրական հիմք, փոխելու պահանջը»:

«Վերջին դեպքերի ընթացքում ձերբակալված անձինք, ըստ տեղեկությունների, ենթարկվել են ոստիկանության եւ անվտանգության ուժերի բռնի գործողություններին, չնայած ուժային ներկայացուցիչների վատ պահվածքը շտկելուն ուղղված ավելի վճռական եւ ակտիվ քայլեր ձեռնարկելու Վեհաժողովի պահանջներին», -ասված է փաստաթղթում: - «Խոսքի ազատությունը շարունակում է լրջորեն ոտնահարվել, եւ վերջին իրադարձությունների ժամանակ լրագրողների դեմ իրականացված բռնության դեպքերը իրականացվել կամ հանդուրժվել են ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների կողմից»:

Նախնական զեկույցում ասվում է նաեւ, որ «ընդդիմությունը, լիովին վայելելով խաղաղ հավաքների իր սահմանադրական իրավունքները, պետք զերծ մնա փողոցային հանրահավաքների միջոցով ընտրությունների արդյունքները փոխելու փորձերից, որոնք, չնայած խախտումներին՝ ընդունվել են տեղական եւ միջազգային մարմինների կողմից»:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ