Ընդդիմությունը արձագանքում է ԱԺ նախագահի առաջարկությանը

«Արդարություն» դաշինքը՝ երկուշաբթի օրը կայացած խորհրդի նիստում, ի թիվս ընթացիկ այլ հարցերի, որոնցից հիմնականը, անշուշտ, վաղվա հանրահավաքին առնչվողներն էին, անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկին՝ կլոր սեղանի շուրջ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Որոշվել է, որ կլոր սեղանին կմասնակցի «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:
Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը իրավունք է տալիս խորհրդարանի խոսնակին «ըստ անհրաժեշտության հրավիրել քաղաքական կոնսուլտացիաներ», որոնց մասնակցում են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը քննարկմանը չի մանակցելու:

Դալլաքյանը տեղեկացրեց նաեւ, որ Արթուր Բաղդասարյանի հետ հեռախոսազրույցում հստակեցվել է, որ խորհրդակցության օրակարգը բաց է, եւ «Արդարություն»-ը ներկայացրել առաջարկներ՝ երկխոսությունը դրանց շրջանակում սկսելու համար:


Կարինե Քալանթարյան