Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողները դեռեւս չեն հայտնաբերվել

Գլխավոր դատախազության քննչական վարչությունում մարտի 30-ին հարուցված քրեական գործերի շրջանակներում ընդդիմության եւս երկու ակտիվիստ դատարանի որոշմամբ կալանվել է, իսկ ապրիլի 5-ին եւ ապրիլի լույս 13-ի գիշերը լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անձինք դեռեւս չեն հայտնաբերվել:

Ըստ Գլխավոր դատախազության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության, կալանվել են Աշնակ գյուղի բնակիչ Ժորա Սափեյանը (իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու մեղադրանքով) եւ Լուսակերտ ավանի բնակիչ Էդգար Առաքելյանը: Վերջինս, ըստ հաղորդագրության, ապրիլի 12-ի գիշերը բռնությամբ իշխանությունը զավթելու կոչեր է արել, հանքային ջրի շշով հարվածել է հասարակական կարգը պահպանող ոստիկանի գլխին ու դիմել փախուստի:

Հեռուստաընկերությունները այդ կադրերը մի քանի օր ցուցադրում էին, ուստի նախաքննության մարմնին մնում էր պարզապես հայտնաբերել Առաքելյանին, ինչի համար ընդամենը երկու օր պահանջվեց:

Շատ լավ է, անշուշտ, որ գլխավոր դատախազության քննչական վարչությունն արագ հայտնաբերում եւ կալանում է հանցագործներին, ինչը չի կարելի ասել ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության մասին, որի աշխատակիցները ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողներին բռնության ենթարկած անձանց առ այսօր չեն կարողացել հայտնաբերել: Լրագրողները, մինչդեռ, ոչ միայն լուսանկարներն էին տպագրել թերթերում, այլեւ պարզել էին, թե որ գործարարի թիկնապահներն էին բռնոթւյուն գործադրողները եւ որտեղից էին եկել Երեւան:

Ապրիլի լույս 13-ի գիշերն էլ մի քանի լրագրող ծեծվեց, առեւանգվեցին նրանց տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները:
«Հայկական ժամանակ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանը լրատվամիջոցներին պատմել էր, թե ում հրահանգով եւ քանի ոստիկան էին իրեն ծեծել, ով էր վերցրել իր լուսանկարչական ապարատը: Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ գրավոր դիմել էր գլխավոր դատախազին: Բայց այս փաստով որեւէ մեկը դեռեւս ո'չ հայտնաբերվել, ո'չ ձերբակալվել է եւ ո'չ էլ որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Գլխավոր դատախազության քննչական վարչությունը, այդուամենայնիվ, մեկ վարույթում միավորված մի քանի քրեական գործերով քննությունը շարունակում է: Որպես վկա հարցաքննվում են «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Երկուշաբթի օրը, օրինակ, գլխավոր դատախազությունում էին խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, պատգամավորներ Ալբերտ Բազեյանը, Գրիգոր Հարությունյանը:

Առայժմ լիարժեք եւ ստույգ տեղեկություններ չկան ապրիլի 12-ից հետո վարչական պատասխանատվության ենթարկված, հետապնդման մեջ գտնվող անձանց մասին: Ավելի ճիշտ՝ ստացվող տեղեկությունները խիստ հակասական են:

Ըստ պաշտոնական աղբյուրների, ընդամենը 115 հոգի է ոստիկանություն տարվել. 77-ն ազատ են արձակվել, 30-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ընդդիմության տվյալներով, մինչդեռ, մի քանի անգամ ավելի շատ մարդ է ձերբակալվել եւ ենթարկվել վարչական կալանքի: Շատերի մասին ընդհանրապես տեղեկություններ չկան: Առ այսօր տարբեր մարզերից ընդդիմության ակտիվիստներին փնտրում են նրանց հարազատները:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի պնդմամբ, կուսակցությունն այս անգամ լիարժեք տեղեկություններ չի կարողացել հավաքել հանրահավաքների այն մասնակիցների եւ ակտիվիստների վերաբերյալ. ովքեր են տարվել ոստիկանություն, ում են վարչական պատասխանատվության ենթարկել: Զեյնալյանի խոսքերով, այս անգամ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի տեղեկատվության արտահոսք չլինի:

«Այս անգամ այն մարդկանց, ում, այսպես ասած, ազատությունից զրկել էին, ուղղակի որեւէ ձեւակերպում չտվեցին. ո'չ վարչական, ո'չ ձերբակալման, որպեսզի նրանք դուրս մնան այդ վիճակագրությունից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ ստույգ տեղեկություններ չկան նաեւ ապրիլի 12-ի գիշերը վիրավորվածների մասին, քանի որ շատերը պարզապես վախենում են, որ կարող են ենթարկվել հետապնդումների՝ երթին, ցույցին մասնակցելու համար:

«Ես տեսել եմ մի քանի տասնյակ մարդ, որոնք լուրջ վնասվածքներով՝ միջին, թեթեւ, ծանր մարմնական վնասվածքներով, ներկայացել են մեզ», - ասաց Զեյնալյանը: - «Չեմ կարող հավատալ եւ այն բանին, որ զոհեր չկան, որովհետեւ տեսել եմ բեկորներ, տեսել եմ պատռված շորեր, վերքեր այդ բեկորային վնասվածքներից... Այդ ռումբերի պայթյուններից կարող էին մարդիկ զոհված լինել...»:

Մինչդեռ, ըստ «Ոստիկանության մասին» օրենքի, ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված, կալանված անձանց հարազատներին տեղյակ պահել նրանց գտնվելու վայրի մասին:

Վիճակագրությունից դուրս է մնացել նաեւ կուսակցություններից առգրավված գույքը: Ո'չ «Հանրապետություն» կուսակցությունում եւ ո'չ էլ ՀԺԿ-ում որեւէ ձեւակերպում չի արվել: Առանց որեւէ արձանագրության ապրիլի 14-ի ուշ երեկոյան առգրավվել են նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամների անձնական ավտոմեքենաները:

Իսկ Կարեն Դեմիրճյանի թանգարանում ապրիլի լույս 13-ի գիշերը կատարված խուզարկության, գույքը վնասելու եւ առգրավելու փաստով «Արդարություն» դաշինքի եւ խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը անցյալ շաբաթ օրն արդեն գլխավոր դատախազություն գրավոր հաղորդում է ուղարկել՝ Կենտրոն համայնքի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով:


Կարինե Քալանթարյան