Գեղամյանը կրկին հեռուստաբանավեճ է առաջարկում Քոչարյանին

«Ազգային միաբանություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, հինգշաբթի օրը Կինոյի տան դահլիճում տեղի ունեցավ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս բացատրելու, թե ինչ է կատարվում երկրում եւ որն է ելքը: Գեղամյանը կրկին հեռուստաբանավեճի հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին:

Հանդիպման ընթացքից տպավորություն մնաց, որ այն կազմակերպվել էր «ի պատասխան» նախագահ Քոչարյանի ուսանողության հետ երեկվա հանդիպման Երեւանի պետական համալսարանում:

Արտաշես Գեղամյանի խոսքերով, երեկ ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած «թվացյալ» հաջողությունները՝ մասնավորապես, կյանքի որակի բարելավման առումով, ոչ այլ ինչ են, քան «լրջագույն թյուրիմացություններ»:

«Աշխարհի 220 երկրներից Հայաստանի Հանրապետությունը իր ազգաբնակչության թերսնվածությամբ զբաղեցնում է 217-րդ տեղը», - հայտարարեց Գեղամյանը: - «Մի ամբողջ ազգ ապրում է կիսաքաղց կյանքով»:

Անդրադառնալով նախագահ Քոչարյանի հայտարարությանը տարեկան 30-40 հազար աշխատատեղ ստեղծելու մասին՝ «Ազգային միաբանության» առաջնորդը հայտարարեց, թե իրականում 1998-ից մինչեւ 2003 թվականը երկրում կրճատվել է 200 հազար աշխատատեղ:

«Մի՞թե կարելի է մի ամբողջ ազգի հանել տհաս», - վրդովված հայտարարեց նա:

Շարունակելով՝ Արտաշես Գեղամյանը ասաց, թե ցանկացած բնագավառում կատարված ցանկացած վերլուծություն «խայտառակ իրավիճակ» է վերհանում:

Նրա խոսքերով, իշխանությունները ամեն ինչ անելու են ընդդիմության ներսում բախումներ առաջացնելու նպատակով: «Բայց դա նրանց չի հաջողվելու», - հայտարարեց «Ազգային միաբանության» առաջնորդը:

«Ընդամենը բաց հեռուստաբանավեճ եմ ձեզնից խնդրում երկու տարի՝ պարզապես երկիրը այս վիճակից դուրս բերելու համար», - ասաց նա:

Հանդիպման կազմակերպիչներից մեկի փոխանցմամբ, հարց ու պատասխան չեղավ, որովհետեւ «Գեղամյանը իր ելույթում պատասխանեց բոլոր հարցերին»:

Այդուհանդերձ, ինքն իրեն հարց ուղղելով, թե ինչու ոչինչ չասաց Սերժ Սարգսյանի մասին, Գեղամյանը պատասխանեց. - «Իր քաշային կատեգորիան իմացող բռնցքամարտիկը, երբ հակառակորդին նոկդաունի մեջ է գցում, դաբիվատ չի անում: Սա է պատճառը»:


Ռուզաննա Ստեփանյան