Հունգարիայում ադրբեջանցի զինվորականը կացնահարել է հայ սպայի

Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպան կացնահարվել է նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպայի կողմից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածը որակել է «դաժանությամբ նախադեպը չունեցող վայրագ սպանություն»:

Հունգարական ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ, 26-ամյա հայ զինվորականը՝ ըստ Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների՝ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, սպանվել է քնած ժամանակ իր սենյակը ներխուժած ադրբեջանցի սպայի կողմից: Հանցագործը ձերբակալվել է:

Տեղեկատվությունը հաստատեց Հունգարիայի պաշտպանության նախարարությունը: «Վաղ առավոտյան Ադրբեջանի քաղաքացի, ադրբեջանական բանակի 27-ամյա մի սպա մտել է 26-ամյա Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնի հարվածով սպանել», - «Ազատություն» ռադիոկայանին Բուդապեշտից հեռախոսով ասաց Հունգարիայի պաշտպանության նախարարության խոսնակ Պետեր Մաթյուսը՝ շարունակելով, որ Գուրգենի՝ ազգությամբ հունգարացի սենյակակիցը օգնության է կանչել մյուս սենյակներում ապրողներին, ինչից հետո զանգահարել է ոստիկանություն: - «Նա [ադրբեջանցի հանցագործը] չի դիմադրել ոստիկանությունը»:

Ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոփը լրագրողներին ասել է, որ Ռամիլ Ս.-ն ձերբակալվել է «արտասովոր դաժանությամբ» սպանություն կատարելուց հետո: «Մենք դա անվանում ենք «արտասովոր դաժանություն», որովհետեւ բացի կրծքի շրջանում դանակի հարվածների բազմաթիվ հետքերից, զոհի գլուխը փաստորեն հատված էր մարմնից», - ասել է Ֆուլոփը:

Հունգարական իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել, որի ավարտին միայն մեկնաբանություններ կհրապարակեն սպանության հնարավոր դրդապատճառների մասին:

«Հունգարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն չի արել, եւ այս սպանությունը համարում է հանցագործություն», - ասաց խոսնակը՝ ավելացնելով, թե իր երկրի կառավարությունը եւ պաշտպանության նախարարությունը չեն ցանկանում քաղաքական շարժառիթ տեսնել այս սպանության մեջ: - «Սա պարզապես հանցագործություն է: Հուսով եմ, որ ոստիկանության հետաքննությունը կպարզի, թե որն է շարժառիթը»:

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե ձեռնպահ կմնան կատարվածը մեկնաբանելուց մինչեւ հունգարական իշխանությունների կողմից հետաքննության ավարտը:

Սպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները:

«Պաշտպանության նախարարությունը կատարված վայրագ սպանությունը գնահատում է որպես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության ակտիվացման, հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ թշնամանքի սերմանման քաղաքականության անմիջական հետեւանք», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: - «Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կանի իր համապատասխան եզրակացությունը եւ կտա արժանի գնահատական»:

Գուրգեն Մարգարյանը Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի հետ միասին Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ «մահափորձ է կատարվել նաեւ մյուս հայ սպայի նկատմամբ, որը, սակայն, կանխվել է»:

Հունգարական իշխանությունները հրապարակում են ադրբեջանցու միայն անունը եւ ազգանվան սկզբնատառը՝ Ռամիլ Ս.: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տալիս է նրա լրիվ անունը՝ Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարով:

«Այս հանցագործությունը տրամաբանական հետեւանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի եւ վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետեւողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: - «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խոր զայրույթն է հայտնում եւ խստագույնս դատապարտում այս դաժան արարքը, ակնկալելով, որ համապատասխան միջազգային կազմակերպությունները անարձագանք չեն թողնի այս ոճրագործությունը եւ համարժեք գնահատական կտան կատարվածին: Միաժամանակ պահանջում ենք հունգարական իշխանություններից ոճրագործին պատժել օրենքի ամենայն խստությամբ»:

Արտգործնախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ Վիեննայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները գտնվում են Բուդապեշտում՝ ոճրագործության մանրամասները տեղում պարզելու նպատակով:


Հրայր Թամրազյան, Պրահա