Հրանտ Մարգարյանը որեւէ նահանջ չի տեսնում

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հինգշաբթի օրը հերքեց, թե Դաշնակցության ընդհանուր ժողովի ավարտական հայտարարությունը նահանջ էր ժողովի բացմանը իր ելույթում հնչեցված քննադատական դիրքորոշումներից երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Հինգշաբթի օրը լրագրողների հանդիպման ժամանակ Հրանտ Մարգարյանը չհամաձայնեց, թե Ընդհանուր ժողովի ավարտական հայտարարության մեջ ձեւակերպումներն ավելի մեղմ ու ընդհանրական են, քան իր ելույթում:

«Ես այդպես չեմ գնահատում: Ընդհանրապես չպետք է կարողանաք պատկերացնել, որ Դաշնակցությունը արդարության համար պայքարում, ազգային նպատակների իրականացման խնդրում կարող է ունենալ տատանվող տեսակետներ եւ դիրքորոշումներ», - ասաց նա:

Նրա խոսքերով, ժողովը չպետք է անդրադառնար անցյալին վերաբերող արձանագրումներին, իսկ ինչ վերաբերում է ներկայի եւ ապագայի դրսեւորումներին, ապա, ըստ Մարգարյանի, հայտարարության տեքստն ու ելույթի բովանդակությունը համահունչ էին:

«Ասենք ենք՝ կոալիցիայի մեջ մեր մասնակցությունն ինքնանպատակ չէ, հայտարարությունն էլ ասել է ՝ ինքնանպատակ չէ: Ասել ենք հայ-թուրք հարաբերությունների մասին մեր տեսակետը՝ նույնն է հայտարարության մեջ», - պնդեց նա՝ ավելացնելով, որ այդպես է նաեւ Լեռնային Ղարաբաղին ու Ջավախքին վերաբերող դիրքորոշումների պարագայում:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀԿ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե Հրանտ Մարգարյանի ելույթի բովանդակությունը ընդհանուր ժողովի որոշումներում արտացոլվելը կարող էր ունենալ «բացասական հետեւանքներ, վերջինս ասաց. - «Դա ո՞վ է: Այս մակարդակում ես այդպիսի մարդ չեմ ճանաչում»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ ասել էր, թե ընտրախախտումների համար ընտրական հանձնաժողովներում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն են պատասխանատու, Հրանտ Մարգարյանը ասաց. - «Պարոն վարչապետի գնահատականը այնքանով ճիշտ է, որ մենք, լինելով հանձնաժողովների մեջ, չենք կարողացել կանխել ընտրախախտումները»: Նա, այդուհանդերձ, շեշտեց, որ իրենք ընտրախախտումներ էլ չեն արել:

Անդրադառնալով նախագահ Քոչարյանի՝ երեկվա հեռուստահարցազրույցում Դաշնակցությանն անուղղակիորեն արված կոչին, թե՝ «հարկավոր է զուսպ լինել», Մարգարյանը ասաց. - «Այո, պետք է զուսպ լինել: Զուսպ ենք այնքանով, որ չենք վիրավորում, չենք անարգում: Զուսպ ենք այնքանով, որ հարգում ենք: Բայց չենք կարող այնքան զուսպ լինել, որ ճշմարտությունները ծածկենք»:


Արմեն Զաքարյան, Երեւան