«Շահող լոտո»-ի արտոնագիրը կարող է կասեցվել

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի եւ կազինոների գործունեությունը լիցենզավորող հանձնաժողովի նիստում երկուշաբթի օրը արձանագրվեց, որ «Շահող լոտո»-ի սեփականատեր «Հարստություն» փակ բաժնետիրական ընկերությունը խախտել է վիճակակախաղերի մասին օրենսդրությունը եւ փաստը կրկնվելու դեպքում հանձնաժողովը ընկերության արտոնագիրը կասեցնելու միջնորդությամբ կմտնի դատարան:

«Սա գրանցվեց որպես կասեցման հիմք հանդիսացող խախտում», - նիստից հետո լրագրողներին ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը: - «Կասեցման երկրորդ հիմքի առկայության դեպքում լիազոր պետական մարմինը դիմում է դատարան»:

«Շահող լոտո»-ն, մինչդեռ, արդեն մեկ պոտենցիալ տուգանային միավոր ունի: Նույն հանձնաժողովի անցյալ շաբաթվա նիստում արդեն լսվել էր «Շահող լոտո»-ի կողմից օրենքի պահանջի խախտմանն առնչվող հարց՝ կապված խաղարկված «ջեքփոթի» մի մասը ենթադրվող համակարգչային աճպարարությամբ յուրացնելու փաստի հետ:

Կասկածը ծագել էր այն բանից հետո, երբ խաղավարը երրորդ փուլի շահող խաղաքարը հանելուց առաջ հայտարարել էր, թե շահմանը սպասում է հինգ տոմս, մինչդեռ, որոշիչ խաղաքարը դուրս քաշելուց հետո, պարզվել էր, որ սպասում էր ոչ թե հինգ, այլ վեց տոմս: Այս, փաստը «Հարստություն» ընկերությունը բացատրել էր տեխնիկական անսարքությամբ՝ խաղը սպասարկող համակարգչային հիմնական ծրագրի եւ հեռուստահաղորդումը սպասարկող ենթածրագրի անհամապատասխանությամբ: Սակայն, նախարարության հանձնաժողովը որոշել էր մասնագիտացված փորձաքննություն նշանակել ու պարզել կասկածելի շահում գրանցած 6-րդ տոմսի իսկությունը։ Փորձաքննությանն արդյունքները առայժմ հայտնի չեն։

Իսկ այսօր շահումով խաղերի, վիճակախաղերի եւ կազինոների գործունեությունը կարգավորող մարմինը հրապարակեց «Շահող լոտո»-ի մեկ այլ խախտում: 16-ամյա Սամվել Ռամազյանը դեկտեմբեր ամսին ակնթարթային «Շահող լոտո»-ի տոմսով շահել էր Փարիզ ճամփորդելու երկու ուղեգիր: «Շահող լոտո»-ի գրասենյակում դեկտեմբերի 28-ին նրան նկարահանել էին ու տվել երկու ուղեգրերի ընդհանուր արժեքի մի մասը միայն՝ 500 հազար դրամ՝ ասելով, թե մնացած 300 հազարը կստանա, եթե վիզա բացելու խնդրանքով Ֆրանսիայի դեսպանատուն դիմի եւ մերժում ստանա։

Ըստ հանձանաժողովի ներկայացրած տեղեկանքի, այդ պահանջը ապօրինի համարելով, Ռամազյանը փետրվարի 2-ին դիմում-բողոք էր գրել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերոնշյալ հանձնաժողովին, վերջինս էլ այդ մասին ծանուցել էր ընկերությանը։ Միայն սրանից հետո «Հարստություն» ընկերությունից փետրվարի 4-ին Ռամազյանին կանչում են եւ վճարում մնացած 300 հազարը։ Փետրվարի 6-ին Ռամազյանը իր դիմումով այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովին։

«Հարստություն» ընկերության ներկայացուցիչների վարկածով, սակայն, Ռամազյանին ամբողջ 800 հազար դրամ գումարը վճարվել է հունվարի 9-ին։ Ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով, Ռամազյանը ամբողջ գումարը ստանալուց եւ ծախսելուց հետո, իր դիմում-բողոքով փորձել է արդարանալ իր ծնողների առաջ:

«Ես չեմ բացառում վարկածը, որ իրականում ծնողներից թաքցնելու պատճառով նման ինչ-որ հեքիաթ է հորինել», - ասաց Զոհրաբյանը:

Այնուամենայնիվ, «Հարստություն» ընկերության գործողությունները որակվեցին իբրեւ խախտում, ինչը նշանակում է, որ եթե նախորդ նիստում փորձաքննության ուղարկված փաստը հաստատվի, ապա հանձնաժողովն արդեն իրավունք կունենա «Հարստություն» ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան։

Ընկերության գրոծադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը, սակայն, համարում է, որ իրենց ընկերության նկատմամբ վերջին շաբաթների ընթացքում սկսված հետապնդումը միտում ունի բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով կասեցնել իրենց լիցենզիան՝ հասկանալի է, հօգուտ մրցակիցների: Նա հայտարարեց, որ հանձնաժողովի որոշումը իրենք բողոքարկելու են դատարանում:


Ատոմ Մարգարյան, Երեւան