Կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունները հավանության են տալիս օմբուդսմենի թեկնածությանը

Հայաստանի պատմության մեջ առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ անցած շաբաթ նախագահ Քոչարյանի ներկայացրած թեկնածությունը հինգշաբթի օրը քննարկվել ու հավանության է արժանացել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության խմբակցություններում: Ընդդիմադիրները, ինչպես եւ հայտարարել էին, չեն մասնակցում օմբուդսմենի նշանակման գործընթացին:

Նախագահը անցած շաբաթ, խորհրդարանական խումբ-խմբակցություններին էր նեկայացրել նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Ալավերդյանը հինգշաբթի օրը խորհրդարանում հանդիպումներ ունեցավ խումբ-խմբակցությունների հետ: Ընդդիմադիրները հրաժարվեցին հանդիպել նրա հետ: «Արդարություն» խմբաիկցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց. քանի որ օմբուդսմենի նշանակման՝ իրենց առաջարկած կարգը չընդունվեց (որ վերջինս նշանակվի նախագահի կողմից ԱԺ ուժերի հետ ոչ թե խորհրդակցելուց, այլ համաձայնեցնելուց հետո), իրենք չեն մասնակցում «մարդու իրավունքների պաշտպանի նշանակման ձեւական գործընթացին»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, իրենք հավանության են արժանացրել նախագահի առաջարկած թեկնածությունը:

«Այսօր մեր ՀՀԿ խորհրդի եւ խմբակցության համատեղ նիստի կարծիքն ենք հայտնել մարդու իրավունքների պաշտպանի մեր թեկնածուի համար: Պրոբլեմներ չենք տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը:

Նույնպիսի եզրակացության են հանգել նաեւ Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը եւ «Ժողպատգամավոր» խումբը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան