Անկախ փորձագետները ողջունում են «Ընդարձակ Եվրոպա» ծրագրում Հայաստանի ներգրավվելու հնարավորությունը

Հայաստանյան անկախ փորձագետները ողջունում են Եվրամիության «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրարգում Հայաստանն ընդգրկելու հնարավորությունը՝ նշելով որ եվրաինտեգրումը Հայաստանի համար այլընտրանք չունի:

Երկուշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների խորհրդի եզրակացությամբ հանձնարարվել է Եվրոպական հանձնաժողովին քննարկելու Եվրամիության երկրների հետ ավելի սերտ համագործակցություն առաջարկող «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հարավային Կովկասի երեք երկրները ընդգրկելու հարցը:

«Նման ծրագրերին Հայաստանի ընդգրկման որոշումը նույնիսկ ուշացած է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փորձագետ Էդուարդ Աղաջանովը՝ ավելացնելով, որ եվրոպական ինտեգրացիան մեր երկրի համար այլընտրանք չունի:

«Հայաստանի ապագան շարժում է դեպի կայացած կառույցներ՝ Եվրամիություն եւ ՆԱՏՕ: Ես համաձայն եմ, որ դա ապագայի հարց է, բայց այդ ապագային պետք է ձգտել, քանի որ ուրիշ ապագա գոյություն չունի», - ասաց Աղաջանովը՝ պնդելով, որ ԱՊՀ-ն եւ ՀԱՊ-ը (ԱՊՀ երկրների մեծամասնության միջեւ գործող Հավաքական անվտանգության պայմանագիրը) բլեֆ կառույցներ են, քանի որ չեն աշխատում:

Մինչդեռ, նրա խոսքերով, անկախ քաղաքական որոշումներից, տնտեսական գործընթացներն ու հատկապես առեւուրը կողմնորոշվում են դեպի եվրոպական շուկաներ։ Ըստ նրա բերած տվյալների, 1996-ից մինչեւ 2002 թվականը դեպի Եվրամիության երկրներ Հայաստանի արտահանումն ավելացել է մոտ 3,5 անգամ՝ 72 միլիոն դոլարից հասնելով 245 միլիոնի: Մինչդեռ, ասենք դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը մեկ երրորդով կրճատվել է՝ 128 միլիոն դոլարից իջնելով 96 միլիոնի»:

Աղաջանովի խոսքերով, տնտեսական օրենսդրության, կապիտալի հոսքերի ազատականության ու մի շարք այլ ցուցանիշներով արդեն այսօր Հայաստանը բավարարում է Եվրամիության չափանիշներին։ Այդուհանդերձ, բնակչության շնչին ընկնող եկամուտների, բիզնեսի մրցունակության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողորվդավարության մակարդակի ու բազմաթիվ այլ ցուցանիշերով Հայաստանը դեռեւս շատ հեռու է եվրոպական չափանիշներից:

Մեկ այլ անկախ փորձագետ՝ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, Հայաստանի առաջիկա ներառումը «Ընդարձակ Եվրոպա» ծրագրում էապես մեծացնում է ապագայում Եվրամիությանը անդամակցելու հնարավորությունները։

Նրա խոսքերով, արագորեն ինտեգրվելով Եվրոպական միության կառույցներին, Հայաստանը շատ ավելի քիչ ծախսերով ու ավելի հեշտ կանցնի զարգացած շուկայական տնտեսության, ինչը ապագայում կապահովի բնակչության բարեկեցությունը:

Ջրբաշյանի խոսքերով, Ռուսաստանի՝ Հայաստանի խոշորագույն առւետրատնտեսական գործընկերը մնալու գործոնը ոչ միայն չի Խանգարի, այլ կօգնի եվրաինտեգրման պրոցեսին: «Որովհետեւ ինտեգրացիան ինքնանպատակ չէ: Ռուսաստանը նույնպես տեսնում է, որ այդ երկրներից ներդնելով լավագույն ինստիտուտները, օրենսդրությունը իր երկրում, կապահովի արագ զարգացում», - ասաց նա: - «Մենք այսօր Ռուսաստանի հետ նույն ուղղությամբ ենք շարժվում, եւ, կարծում եմ, որ Ռուսաստանի այսպիսի ակտիվ դերակատարումը Հայաստանում կնպաստի նրան, որ Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսները Եվրոպայի հետ ավելի կարագանան»:


Ատոմ Մարգարյան, Երեւան