Հրապարակվեց Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների դատավճիռը

Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հրապարակեց հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացիների (բոլորն էլ ազգությամբ ռուս) եւ, անզգուշաբար պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով՝ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արթուր Օգանեզովի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով բոլորին:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ այս մեղադրանքով ամբաստանյալների համար սահմանվեցին խիստ պատժաչափեր: Գործով կազմակերպիչ ճանաչված Նինա Շիլինան, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ գործակցության մեջ էր ներգրավել մյուս ամբաստանյալներին, դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Մնացած 4 ամբաստալյաներից Շիլինայի ամուսինը՝ Էդգար Ֆիլկովը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման, վերջինիս եղբայրը՝ Ալեքսանդր Գասպարյանը (կրում է խորթ հոր ազգանունը) եւ Իվետա Ֆիլկովան դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման:

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, ավագ սպա Արթուր Օգանեզովը՝ անզգուշաբար պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով, դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Օգանեզովը, որի խափանման միջոցը դատավարության ընթացքում սահմանված էր քաղաքից չբացակայելու ստորագրությունը, կալանվեց դատարանի դահլիճում:

Գործով ապացույց ծառայած նյութերը, այդ թվում նախկին ավագ սպա Օգանեզովի չարաբաստիկ տետրը, որից նրա կինը տվյալներ է դուրս գրել եւ փոխանցել Շիլինային, որոշվեց պահել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում:

Մեղադրական եզրակացության դրվագներից մեկով Նինա Շիլինան դեռեւս 1993 թվականին գործով չբացահայտված ոմն Ռաֆիկի հետ դիվերսիայի անհաջող փորձ էր կատարել Էրեբունի հյուրանոցում: Այդ դրվագի գործով ապացույցները (պայթուցիկ սարքի բաղադրիչները) դատարանի վճռով կոչնչացվեն:

Դատավճռի հրապարակումից հետո Նինա Շիլինան հայտարարեց, թե անպայման բողոքարկելու է այն եւ «վստահ է», որ վերաքննիչ ատյանի դատարանը կբավարարի իր բողոքը, քանի որ «մեղադրող կողմը ոչ մի ապացույց չունի»:

Շիլինան խնդրեց, որ իր վրա ուշադրություն դարձնեն Հայաստանի ռուսական համայնքը, Ռուսաստանի դեպանատունը, իրավապաշտպան կազմակերպությունները, քանի որ «անօրինականություններ են եղել նախաքննության եւ դատավարության ժամանակ»: Նրա ամուսինը՝ Էդգար Ֆիլկովը, իր վերջին խոսքում ասաց, որ հացադուլ է հայտարարում:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատավճիռը կայացվել է «ապացույցների համալիր վերլուծությամբ եւ բոլոր ապացույցները գնահատվել եւ համադրվել են այլ ապացույցների հետ»:

Դատավճիռը կարող է բողոքարկվել Զինվորական ու քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում 15 օրվա ընթացքում:


Շաքե Ավոյան, Երեւան