Արտաշես Գեղամյան. «Պետք է մտածված գնալ իշխանափոխության»

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը հինգշաբթի օրը հրապարակային ելույթում կոշտ ձեւակերպումներ հասցեագրելով երկրի ղեկավարությանը, միաժամանակ ընդդիմության իր գործընկերներին կոչ արեց «մտածված գնալ իշխանափոխության»:

Իր ղեկավարած կուսակցության Երեւանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ Արտաշես Գեղամյանը ասաց, թե «իշխանամետ լրատվամիջոցները» միտումնավոր են արծարծում «թեժ գարուն», «թեժ աշուն» թեմաները, որպեսզի ընդդիմությունը շտապողականություն դրսեւորի եւ սխալներ թույլ տա:

«Նախորդ գարուններից ու ամառներից մեկ բանով է տարբերվելու՝ այդ գարունն ու ամառը առանց ձեզ ենք դիմավորելու, պարոն Քոչարյան ու Սերժ Սարգսյան», - ասաց Գեղամյանը:

Հայաստանի ընդդիմությունը, որին, ըստ «Ազգային միաբանության» առաջնորդի, հրահրում են չմտածված քայլերի, ի տարբերություն Վրաստանի անկախության շրջանի բոլոր ժամանակների ընդդիմության, «պետք է մտածված իշխանափոխության գնա». - «Այնպես որ վաղը, մյուս օրը խղճներս հանգիստ լինի»:

Իշխանափոխության անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկների թվում Գեղամյանը խոսեց անօրինականությունների մասին:

«Ջրի երեսին եղած անօրինականությունների մասին գիտենք, իսկ ստորգետնյա այնպիսի զարհուրելի հանցագործություններ կան, որոնք, բնականաբար, կբացահայտվեն իշխանափոխության հենց հաջորդ օրը», - խոստացավ նա:

«Ազգային միաբանության» առաջնորդը իր բավականին ծավալուն ելույթում ոչինչ չասաց ընդդիմադիր դաշտը միավորելու նպատակ հետապնդող բանակցությունների մասին, որոնք նախաձեռնել է «Արդարություն» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը:

Իր ելույթում Գեղամյանը պնդեց, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը արհեստականորեն սարքված էր, դրա համար այս ամիս ավելի վաղ 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Արբահամյանին էլ բնորոշեց որպես «փորձառու չեկիստ»:

Աբրահամյանը դատարանում պնդել էր, թե դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչը իրեն առաջարկել էր ավելի մեղմ պատիժ ապահովել, եթե ցուցմունք տա Գեղամյանի դեմ: Դատախազության ներկայացուցիչը հերքել է Աբրահամյանի այդ պնդումը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան