Ավարտին է մոտենում Նաղդալյանի սպանության գործի լսումը վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության վերջին՝ դատական վիճաբանությունների փուլը եւ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: 2002 թվականի դեկտեմբերին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանը շարունակում է հերքել մեղադրանքը:

Իր պաշտպանական ճառում Արմեն Սարգսյանը Հովհաննես Հարությունյանի (Ապեր), ում ցուցմունքների վրա է հիմնականում կառուցվել իրեն ներկայացված մեղադրանքը, նախաքննական ցուցմունքներից մեջբերումներ անելով, փորձում էր հիմնավորել, որ այն շինծու է, որ ողջ նախաքննության ընթացքում Հարությունյանը պատվեր ստանալու 5-6 տարբերակ է ներկայացրել՝ մեկը մյուսին հակասող:

Կետ առ կետ նշելով Հովհաննես Հարությունյանի, նրա կնոջ՝ Գայանե Մելքոնյանի հակասական ցուցմունքները, որոնք մեղադրող կողմը արժանահավատ է համարել, Արմեն Սարգսյանը եզրափակեց. - «Ես Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու չեմ, չեմ եղել եւ չէի էլ լինի»:

Երբ մեղադրող Զելիմ Թադեւոսյանը հրապարակեց ամբաստանյալներից Գեղամ Շահբազյանի՝ 2002-ի մայիսի 22-ին գրած նամակը ուղղված ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին, որում ասվում է, թե ինքը «մեծ գործ է արել Սարգսյանների ընտանիքի համար», բայց նրանք «հիմա տեր չեն կանգնում» իրեն, Շահբազյանը հերքեց, թե ինքն է այդ նամակի հեղինակը:

Շահբազյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը պատվիրատու չի եղել, ինքն անձամբ լսել է, որ առաջին գումարը Արմեն Սարգսյանը պարտքով է տվել Ապերին:

«Ես ու Ջոնն ենք կատարել այդ ամեն ինչը Ապերի պատվերով՝ 100 հազար: 44-ը տվեց, խաբեց՝ մնացածն էլ չտվեց», - ասաց Շահբազյանը:

Ջոն Հարությունյանը եւ Արմեն Սարգսյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 15 տարվա, Գեղամ Շահբազյանը՝ 11 տարվա ազատազրկման: Հովհաննես Հարությունյանի պատիժը շատ ավելի մեղմ է՝ 7 տարվա ազատազրկում:

Մեղադրող կողմը հայտարարեց, թե առաջին ատյանի դատավճիռը հիմնավոր է, վերաքննիչ ատյանում էլ ապացույցների որեւէ փոփոխություն չի արձանագրվել, ուստի իրենց մեղադրական ճառն էլ չեն փոխում՝ թողնելով այն, ինչ ասվել է առաջին ատյանի դատարանում:

Բավական լարված մթնոլորտում անցած նիստում կրքերը բորբոքվեցին Տիգրան Նաղդալյանի քրոջ՝ Կարինե Նաղդալյանի ելույթից հետո: Վերջինս հայտարարեց, թե ամբաստանվողները ղարաբաղյան պատերազմին մասնակցելու հանգամանքը դատարանի դահլիճում շահարկման առիթ են դարձնում: Կարինե Նաղդալյանի ելույթը խիստ զայրացրեց Ջոն Հարությունյանին:

«Կարինե Նաղդալյանը շատ է օգտագործում այդ բառը՝ դավաճան: Ես դավաճան չեմ», - ասաց նա: -«Հակառակը՝ ես դավաճան եմ սպանել: Որ ասում է, թե արյան գնով փողեր ես ստացել, ես այդ փողերը բաժանել եմ այն տղաներին, ովքեր արյուն են թափել Ղարաբաղում, իսկ իր եղբայրը այստեղ «Ջիփով» «կայֆավատ» էր անում»:

Հարությունյանը հայտարարեց նաեւ, թե իր շահերի պաշտպան Լուսնթագ Բադալյանը նախաքննության ընթացքում իրեն ասել է, թե «դատախազն ու դատավորը փող են ուզում», որ մեղմ պատիժ սահմանեն:

Այսպիսով, ամբողջ գործը կարծես տակնուվրա եղավ, ավելի խճճվեց: Մնում է սպասել վերաքննիչ դատարանի գնահատականներին ու դատավճռին:


Կարինե Քալանթարյան, Երեւան