Հայ սպաները դեռեւս չեն հասել Բաքու

Ադրբեջանի մայրաքաղաքում երեքշաբթի օրը իր աշխատանքը սկսեց ՆԱՏՕ-ի «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք ամռանը այստեղ կայանալիք «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսը: Հայ սպաները, սակայն, դեռեւս չեն հասել Բաքու:

Հակառակ մամուլի հաղորդումների եւ սպասումների, թե Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքու կժամանի Թբիլիսիից կամ Մոսկվայից, պաշտպանության փոխնախարար, գեներալ Արթուր Աղաբեկյանը ասաց, թե այդ տարբերակները նույնիսկ չեն քննարկվել. նախընտրելի է դիտվել Ստամբուլով Բաքու հասնելու ճանապարհը:

«Ստամբուլով ենք ընտրել, որովհետեւ այդ նույն ինքնաթիռով զորավարժության մասնակից այլ սպաներ պետք է ժամանեին Բաքու ինչպես Թուրքիայից, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից», - պարզաբանեց նա:

Այդուհանդերձ, հայկական պատվիրակությունը թուրքական պատվիրակության հետ Բաքու մեկնել չի կարողացել եւ մինչեւ ուշ երեկո Ստամբուլի օդանավակայանում սպասելու է Բաքու մեկնող հաջորդ չվերթին: Խնդիրն այն է, որ Երեւան - Ստամբուլ չվերթը իրականացվել է մի քանի ժամ ուշացումով, եւ հայ զինվորականները ուշացել են թռիչքից:

«Հիմա տղաներն այնտեղ են: Այսօր ժամը 12-ին գիշերը կթռնեն», - հավաստիացրեց Աղաբեկյանը:

Չվերթի ուշացման պատճառը հնարավոր չեղավ պարզել, քանի որ այն իրականացնող «Արմավիա» ընկերությունը խորհուրդ էր տալիս պարզաբանումներ ստանալ օդանավակայանից, իսկ վերջինիս ներկայացուցիչները՝ «Արմավիա»-ից:

Արթուր Աղաբեկյանը ամեն դեպքում կարծում է, որ հայկական պատվիրակությունը Ադրբեջան մուտք գործելու հարցում պրոբլեմներ չի ունենա՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունը: «Ուրախալի է, որ Ադրբեջանի իշխանությունները, անկախ պատվիրակության դեմ հարուցած դժվարություններից, ճիշտ կողմնորոշվեցին իրենց երկրի միջազգային վարկի հարցում եւ եկել են այն եզրակացության, թե պետք է նպաստել, որպեսզի ՆԱՏՕ-ի զորավարժությունները ծառայեն իրենց նպատակին», - ասաց Աղաբեկյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» հայտարարություններին, թե պատանդ կվերցնեն հայկական պատվիրակությանը, ապա գեներալ Աղաբեկյանը բացառում է նման զարգացումը:

«Կարծում եմ, դրանք ամպագոռգոռ հայտարարություններ են՝ զուտ համոզելու հայկական կողմին, որ չներկայանային Բաքու», - ասաց Աղաբեկյանը՝ ենթադրելով, որ հայ սպաների ժամանումից հետո այդ հայտարարությունների հեղինակները «այլ պատճառներ» կգտնեն ու կհրաժարվեն դրանցից:

Ավելին՝ գեներալ Աղաբեկյանը համարում է, որ Բաքվում ամբողջապես կապահովվի հայկական պատվիրակության անվտանգությունը՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները, թե զորավարժություների պլանավորման կոնֆերանսի անցկացման վայրը եւ մասնակիցների հանգրվանելիք հյուրանոցները գաղտնի են պահվում:

Պաշտպանության փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, թե ինչ հարցեր են ընդգրկված «Համատեղ լավագուն ջանք-2004» զորավարժության նախնական պլանավորման կոնֆերանսի օրակարգում: «Հստակեցվելու է զորավարժության նյութը՝ ինչպիսի սցենար է վերցվելու զորավարժության եւ թե որ երկրներն են վերջնականապես հայտարարելու զորավարժությանը իրենց մասնակցության վերաբերյալ», - ասաց Աղաբեկյանը՝ ավելացնելով. - «Այսինքն՝ ժամանող երկրները դե ֆակտո բոլորը ընդգրկվում են զորավարժության բոլոր էտապների մեջ՝ ե'ւ պլանավորման, ե'ւ կազմակերպման, ե'ւ անցկացման»:

Իսկ հայկական պատվիրակությունը, փոխնախարարի խոսքերով, Բաքվում «հստակ հայտարարելու է, որ Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է «ե'ւ ստորաբաժանման կազմով, ե'ւ բարձրաստաճան սպայական կազմով»:


Արմեն Զաքարյան, Երեւան