Մամուլի տեսություն

«Պոպուլիզմով մի անգամ կարելի է խորհրդարանում մեծամասնություն դառնալ, կարելի է շատ աթոռներ ստանալ՝ մեկ անգամ, բայց դա երկար չի կարող շարունակվել», - «Առավոտ»-ի հարցազրույցում շեշտադրում է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Անդրադառնալով լուրերին, թե կոալիցիայի նշանակումներին զուգընթաց կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ ավելի բարձր էշելոններում, Թումանյանը նկատում է. - «Զուտ իշխանության ներսում, իհարկե, կարող են տրամադրություններ փոխվել որեւէ ուղղությամբ, ներքին տենդենցներ կարող են լինել, բայց այստեղ եւս լուրջ, արմատական փոփոխությունների պատճառներ չեմ տեսնում»: Նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ ավելի լայն բնորոշմամբ, այս պահին «իշխանություն - ընդդիմություն հարաբերությունը եւ ուժերի հարաբերակցությունը ինչ-որ չափով կայունացած են». - «Եթե ոչ լրիվ, ապա ինչպես ֆիզիկայում են ասում՝ մետաստաբիլ վիճակ է»: Թղթակցի հարցին, թե «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգ եւ չի բացառվում, որ վստահության հանրաքվեն իրականություն կդառնա. Արտաշես Թումանյանը պատասխանում է. - «Հարցի՝ օրակարգ մտնելը բավարար պայման չէ, որպեսզի հարցը այդ դրվածքով լուծում ստանա: Ես չեմ կարծում, որ այդպիսի հեռանկար կա: Ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում այդպիսին չէ, եւ այդ թեզը պաշտպանող բավարար քանակի պատգամավորներ չկան խորհրդարանում»:

«Ազգ»-ի հարցազրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանը տարակուսում է. - «Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, որ այդ օրենքի նախագծին որեւէ մեկը կարող է դեմ լինել։ Սահմանադրության երկրորդ հոդվածը եւ հանրաքվեի օրենքը հակասում են իրար։ Երկրորդ հոդվածը նշում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն իր իրավունքն իրացնելու համար կարող է հանրաքվեներ անցկացնել։ Հանրաքվեի մասին օրենքում այս դրույթը չկա, եւ ժողովուրդը զրկված է հանրաքվե իրականացնելու իրավունքից»։

«Սկզբունքների փոփոխություն», - արձանագրում է «Առավոտ»-ը՝ հիշեցնելով, որ իշխանության մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները ժամանակին կողմն են արտահայտվել վստահության հանրաքվեի անցկացմանը: «Այո, խնդիր կա, որ պիտի կարողանանք լուծել եւ ինչո՞ւ չէ՝ մեկ տարվա ընթացքում կարողանանք գտնել այդ բոլոր հակադրությունների պատասխանը», - ապրիլի 17-ին Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարել էր Գալուստ Սահակյանը: Նույն ճեպազրույցից թերթում մեջբերված է Վահան Հովհաննիսյանի պատասխանը. - «Մենք հստակ կողմ ենք լինելու... Գաղտնիք չէ, որ մեր երկիրը կարող է կանգնել շատ լուրջ, վճռական հարցերի առջեւ, եւ որպեսզի նախագահը այդ հարցերում վստահ լինի, որ հասարակության մեծամասնության տեսակետն իր մոտեցումներին համապատասխանում է, կարող է անցկացնել նման հանրաքվեներ»: «Երբեմն թվում է, որ մեր քաղաքական գործիչները իրենց տեսակետերը հայտնելիս ակնկալում են, թե գործ ունեն կարճ հիշողություն ունեցողների հետ», - գնահատում է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Հայոց աշխարհ»-ի կարծիքով, անկախ այն բանից, թե ում ձեռքին է իշխանությունը, հասարակական ուշադրության կենտրոնում երկու խնդիր է գտնվում. կոռուպցիան եւ ստվերային տնտեսությունը։ «Չնայած դրան, վերոնշյալ երեւույթների դեմ պայքարի ճակատներում շոշափելի դրական տեղաշարժեր այդպես էլ չեն արձանագրվել», - փաստում է թերթը: «Հայոց աշխարհ»-ը հանրամատչելիորեն ձեւակերպում է իշխանությունների մոտեցումները. - «Իշխանությունն արդեն բազմիցս հասկացնել է տվել. ամենամեծ գողերի նկատմամբ համաներում կլինի։ Այսինքն՝ նրանց ոչ մի բանի մեջ չեն մեղադրի։ Քանզի նրանք՝ գողերը, այնքան կիպ են ներկառուցվել համակարգի մեջ, որ վերջինս հենց նրանցով է կանգուն մնում։ Դուրս քաշիր մեկ-երկուսին, եւ ամեն ինչ կփլուզվի գրողի ծոցը։ Իսկ, այ, եթե գողերին դնես շրջանակների մեջ, սահմանափակես ամեն տեսակի տնտեսական օրենքներով, ապա նրանք միանգամից կվերածվեն օրինապաշտ կապիտալիստների»։
Նույն թերթում Ազգայի ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ընդգծում է. - «Անհրաժեշտորեն պետք է վերացնել կոռուպցիա ծնող պատճառները: Իսկ սա անելու ընդամենը երկու ճանապարհ կա: Պետք է բարելավել երկրի օրենսդրական դաշտը եւ միջոցառումներ ձեռնարկել՝ օրենսդրությունը համարժեք կիրառելու համար: Այլ ճանապարհ գոյություն չունի»:

Ըստ «Գոլոս Արմենիի»-ի՝ լիովին հիմնավորելով, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է, դատախազները նրա եւ սպանությունը կատարողի համար պետք է պահանջեին առավելագույնը, բայց պահանջեցին «գրեթե առավելագույնը»: Հարցը դիտարկելով նման հանցագործությունները բացառելու տեսակետից, մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Տիգրան Նաղդալյանի սպանության համար սպասվող դատավճիռը կատարած հանցագործությանը համարժեք չէ»: Իսկ «Հայոց աշխարհ»-ում ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցը ասում է. - «Ինձ թվում է, որ ամբաստանյալի աթոռին նստած կազմակերպիչը միակը չէ»: Ռեժիսորի խոսքերով՝ «չեն ցանկանում մինչեւ վերջ բացել այդ շղթան»:

«Եթե ընդդիմությունը Վրաստանում ընտրություններից հետո, փաստորեն, «դռդռացնում է» Շեւարդնաձեին, դրա պատճառն առաջին հերթին այն է, որ վրացական ընդդիմությունը պառակտված չէ (առայժմ պառակտված չէ) եւ պայքարում է միասնական ճակատով», - եզրակցնում է «Այբ-Ֆե»-ի մեկնաբանը: - «Զարմանալի չի լինի, եթե Վրաստանում ընդդիմությունն իրոք հասնի իր ուզածին: Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, որոնց մենթալիտետը մեր ու եվրոպացիների աչքում կարծես թե նույնացել է»:


Հրաչ Մելքումյան