Մեղադրողները 15 տարի ազատազրկում են պահանջում Վազգեն Սարգսյանի եղբոր համար

Հայաստանի համար աննախադեպ արագությամբ բացահայտված՝ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության նիստում չորեքշաբթի օրը սպանությունը պատվիրելու մեղադրանքով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի համար մեղադրող կողմը պահանջեց 15 տարվա ազատազրկում:

Մեղադրողները հայտարարեցին, թե բոլոր 13 ամբաստանյալների կատարած հանցանքները դատաքննությամբ ապացուցվել ու հիմնավորվել են: Ըստ այդմ՝ 15 տարվա ազատազրկում պահանջվեց սպանության պատվիրատու Արմեն Սարգսյանի եւ անմիջական կատարող Ջոն Հարությունյանի համար: 11 տարվա ազատազրկում պահանջվեց Գեղամ Շահբազյանի համար, ով հանցագործության կատարման ու կազմակերպման մեջ առանձնապես ակտիվ դեր է կատարել:

Իսկ ահա «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանի համար, ով պակաս կարեւոր դեր չի ունեցել այս հանցագործության կազմակերպման գործում՝ հանդես գալով որպես միջնորդ եւ կապավոր, Արմեն Սարգսյանի հանձնարարությունները կատարող, սպանությունը կատարելու համար 75 հազար դոլարը փոխանցող, մեղադրողները առաջարկեցին սահմանել ընդամենը 7 տարի ազատազրկման պատժաչափ: Սա փաստարկվեց նրանով, թե «Ապերը» «օժանդակել է հանցագործության բացահայտմանը, աջակցել է հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն»:

Մեղադրողները, անշուշտ, չնշեցին, որ Հարությունյանը մեկ այլ գործով մեղադրվել է սպանություն եւ ավազակային հարձակում պատվիրելու, ինչպես նաեւ բանդիտիզմի մեջ: Թեեւ առաջին երկու մասով քրեական գործերը կարճվել են, սակայն բանդիտիզմի մասով նախաքննության մարմինը գործը չի դեռեւս կարճել:

Մյուս ամբաստանյալների համար էլ առաջարկվեցին տարբեր պատժաչափեր՝ 12-ից մինչեւ 1 տարվա ազատազրկում:

Տիգրան Նաղդալյանի հարազատները դժգոհ էին մեղադրողների ճառից, առաջարկված պատժաչափերից ու չնայած մեղադրական ճառից հետո տեսակետներ հայտնելու եւ վերաբերմունք արտահայտելու իրավունքը տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանինն էր, նա երեք օր ժամանակ խնդրեց խոսքը պատրաստելու համար:


Կարինե Քալանթարյան, Երեւան