Մամուլի տեսություն

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց «Հոկտեմբերի 27»-ի դատավարության կիզակետում. - «Երբ ուշադիր հետեւում ենք դատարանի դահլիճում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, հասկանալի է դառնում, որ ենթատեքստերի մակարդակով տեղի է ունենում հետեւյալը. Վազգեն Սարգսյանի իրավահաջորդները եւ նրանց կողմնակիցներն ակտիվորեն Նաիրի Հունանյանին կոչ են անում ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ վերջինիս ներկայացնելով որպես «Հոկտեմբերի 27»-ի հիմնական կազմակերպիչ, իսկ դատավարության իշխանամետ հատվածը Հունանյանին ակտիվորեն համոզում է դա չանել... Հունանյանի պահվածքը, սակայն, ցույց է տալիս, որ նա առայժմ չի վստահում կողմերից որեւէ մեկին եւ ցանկանում է շարունակել սակարկությունը»:

«Այբ-Ֆե»-ի ձեւակերպմամբ, տուժող Աղվան Վարդանյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը, հակահարված տալով տեսակետին, թե ամբաստանյալները բանտախցում երկար ժամանակ ողջ չեն մնա, երեկվա նիստում վստահություն է հայտնել. - «Այսօրվա իշխանությունները ամեն ինչ կանեն, որ նրանց գլխից մազ չպակասի»: «Հայկական ժամանակ»-ում բերված են փաստաբան Օլեգ Յունոշեւի հետեւյալ խոսքերը. - «Իմ աշխատանքի արդյունքում հանգել եմ այն եզրակացության, որ հոկտեմբերի 27-ին մասնակից է ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը. մասնակցության չափն է պետք պարզել»: «Դատավոր Սամվել Ուզունյանը վրդովված ընդհատել է նրան՝ ասելով, թե նման բան դատարանում չի ասվել, իսկ եթե Յունոշեւը փաստեր ունի, ապա նրան ցուցմունք տալու հնարավորություն կտրվի», - շարունակում է «Հայկական ժամանակ»-ը: - «Չանցած կես ժամ՝ դատարան է եկել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը եւ հենց նիստի ժամանակ Յունոշեւին հանձնել հոկտեմբերի 27-ի քրգործից անջատված մասով գործով քննիչին ներկայանալու ծանուցագիրը»: Յունոշեւը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատախազություն, քանի որ ինքն ապօրինի գործով վկա լինել չի կարող»:

«Արամ Սարգսյանի վերջին հույսը Նաիրի Հունանյանն է», - վերնագրված է «Հայոց աշխարհ»-ում. - «Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը վերջապես սպառեց իր ոչ այն է մեղադրական, ոչ այն է պաշտպանական ճառը՝ վերջին անգամ բացահայտելով եւ ահաբեկիչներին փոխանցելով վստահորդի փորացավը. «Անուններ՝ մեղմ պատժի դիմաց»:

«Այբ-Ֆե»-ի հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «տխմարություն» է որակում մեկնաբանությունները, թե «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները մեծ օրակարգ են ընդգրկվել ոչ թե անփութության, այլ «հանցավոր համաձայնության» հետեւանքով: «Նման մեկնաբանությունները կարող են լինել պարզապես հիվանդագին մտասեւեռումների արդյունք», - ախտորոշում է Տիգրան Թորոսյանը՝ նշելով, թե ընդդիմության ստացած արդյունքը պետք է համարել ոչ թե վերջնական հաջողություն, այլ «միջանկյալ սփոփանք»: «Ես համոզված եմ, որ դա պարզապես չի ընդգրկվի եռօրյա նիստերի օրակարգ, հետեւաբար նաեւ չի քննարկվի», - կանխորոշում է Թորոսյանը: - «Այն պետք է նախ հանձնաժողովներում քննարկվի, եւ ես համոզված եմ, որ հենց հանձնաժողովներում չի ստանա համապատասխան ձայներ, որպեսզի դրական եզրակացությամբ դրվի եռօրյա»:

Նույն հարցազրույցում անդրադառնալով Աջափնյակի ընտրությանը, Տիգրան Թորոսյանը նշում է. - «Պարզապես կոպիտ սխալ թույլ տրվեց հենց սկզբից, երբ իշխանությունը հանդես եկավ երկու թեկնածուով»: «Հայկական ժամանակ»-ում Գալուստ Սահակյանը Աջափնյակի ընտրությունները որակում է «աննախադեպ խայտառակություն» եւ հայտնում, որ այդ ընտրությունները ունենալու են «լուրջ քաղաքական հետեւանքներ»: «Հիմա դուք հասկացա՞ք, որ ծանր է սեփական մաշկի վրա զգալ, թե ինչպես է իշխանական մամլիչն ազդում ընտրությունների վրա». թղթակցի այս հարցին Սահակյանը պատասխանել է. - «Ես հասկանում եմ ձեր ակնարկը, բայց զուգահեռներ անցկացնել նախագահական եւ այս ընտրությունների միջեւ, չի կարելի։ Աջափնյակի ընտրություններում կիրառվել են համատարած բռնություններ եւ ահաբեկումներ, ու այս առումով այդ ընտրությունն իր նախադեպը չի ունեցել»։ Անդրադառնալով հարցին, որ Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը նշված ընտրություններում պաշտպանեցին ՀՀԿ-ի թեկնածուի մրցակցին, Գալուստ Սահակյանը նշում է. - «Ինչ վերաբերում է մեր դաշնակից կուսակցություններին, ապա ես տեսնում եմ, որ իշխանական որոշ թեւերում եւ որոշ կուսակցություններում իմ անձի նկատմամբ որոշակի լարվածություն է առաջացել... Որոշ ուժեր, սեփական շահերից ելնելով, սատարեցին սակավամիտի»։

«Առավոտ»-ի գնահատմամբ, հայաստանյան ընդդիմությունը «չափազանց միամիտ է»: Թերթի խմբագրականում ուրվագծված է. - «Նրանք միամիտ են նախ եւ առաջ այն պատճառով, որ հավատում են, թե բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհներով իր աթոռը պահպանած Քոչարյանին կարելի է ստիպել հրաժարական տալ մինչեւ 2008 թվականը: Նրանք միամիտ են նաեւ՝ կարծելով, իբր 2008-ին Քոչարյանը ժառանգորդ կնշանակի... Շատ ավելի հավանական է, որ Քոչարյանը եւս հինգ տարով իրեն նախագահ կհռչակի: Կամ ցմահ՝ միջինասիական առաջնորդների նման»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնախմբի անդամ Անդրեա Գրոսը ընդգծում է. - «Կովկասյան երեք հանրապետությունները առաջիկա մեկ-երկու շաբաթներում Եվրախորհրդի հանձնաժողովներում թեժ քննարկման առարկա կդառնան եւ դա կտեղափոխվի հունվարի վերջին գումարվելիք նստաշրջան: Բոլոր երեքն էլ կհամադրվեն խիստ տեքստերով, ինչը նրանց համար մարտահրավեր կնշանակի, քանի որ գոյություն ունեն ժողովրդավարության նվազագույն չափանիշեր, որոնց Եվրախորհրդի անդամները պետք է հետեւեն, ինչը մինչեւ այժմ Կովկասում, հակառակ այդ երկրների պարտավորությունների, այդպես չէ»:

«Առավոտ»-ը, «խիստ ինքնատիպ» գնահատելով Ազգային ժողովրդավարների դաշինքի ծրագիրը, ներկայացնում է դրանից մի հատված, որն ավարտվում է այսպես. - «Պետք է սերմանվի նաեւ, որ հայ լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ՝ օգտակար»:


Հրաչ Մելքումյան