Հայ խաղաղապահները Կոսովի կմեկնեն հունվարին

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Հայաստանի խաղաղապահ գումարտակի 30 անդամ ՝ սպա, ենթասպա եւ զինվոր, արդեն գալիք հունվարին խաղաղապահ առաքելությամբ կմեկնեն Կոսովո:

Հայերը կընդգրկվեն հունական գումարտակի կազմում, ինչին ՆԱՏՕ-ն արդեն տվել է իր համաձայնությունը: Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովը տա իր համաձայնությունը: Ընթացակարգը հետեւյալն է՝ անցած սեպտեմբերին Երեւանում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ Հունաստանի գումարտակի կազմում Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի հրաձգային դասակի մասնակցության շուրջ, պիտի ներկայացվի նախ Սահմանադրական դատարան, ապա՝ Ազգային ժողով:

Հայաստանի խաղաղապահ գումարտակի կազմավորման եւ ամրապնդման գործում մեծ է Հունաստանի աջակցությունը: Երկու երկրների ռազմական համագործակցության ամրապնդման ու ընդլայման հնարավորությունները Երեւանում քննարկել է չորեքշաբթի օրը Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Լազարոս Լուրիդիսը:

Երեկ նա հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ կողմերը անդրադարձել են «Հունաստանում հայ սպաների եւ ռազմական բժիշկների ուսուցման խնդիրներին, հայ-հունական ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս կատարված աշխատանքներին, դրանց ներկա մակարդակին եւ հետագա անելիքներին»:

Արդեն այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ Լազարոս Լուրիդիսի հանդիպման ժամանակ երկուստեք շեշտվել են համագործակցության հետագա խորացման լավ հեռանկարները, որոնք առկա են հատկապես ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական նշանակության համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառներում:

Հույն փոխնախարարի այցի ավարտին համատեղ ասուլիսում Լազարոս Լուրիդիսի եւ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի համատեղ ասուլիսում նշվեց, որ 2004 թվականի հայ-հունական ռազմական համագործակցության ծրագիրը արդեն պատրաստ է եւ կստորագրվի այսօր ավելի ուշ:

Լազարոս Լուրիդիսի խոսքերով, 2004 թվականի համագործակցության ծրագրերը կազմվել են նախորդած 2 տարիների ծրագրերի նմանողությամբ:

«Իսկ համագործակցությունը պայմանավորված է ոչ միայն հայ- հունական բարեկամական հարաբերություններով, այլեւ ցանկությամբ, որ Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանը հնարավորինս շուտ մոտենա եվրատլանտյան կառույցներին», - ասաց Հունաստանի պաշտպանության փոխնախարարը:


Արմեն Զաքարյան, Երեւան