Գիտնականները բողոքում են ակադեմիայի առաջին շենքը Մայր Աթոռին փոխանցելու որոշման դեմ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անված Լեզվի եւ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների շենքի դիմաց երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:

Աբովյան փողոցի վրա գնտվող այդ շենքում է գտնվել 1943 թվականին ստեղծված Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի 60-ամյակը շուքով տոնվեց անցած շաբաթ:

Երկու ինստիտուտների գիտաշխատողները հոկտեմբերի 15-ին նամակ են հղել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որում «առնվազն տարօրինակ» են որակել Երեւանում Կաթողիկոսական վեհարան կառուցելու համար շենքի ընտրությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը, շենքը օտարելու փորձեր նախկինում էլ եղել են:

«Փորձեր են եղել ուրիշներին հատկացնելու: Հիմա շրջանառության մեջ են դրել Վեհարանը: Պարզ է՝ որ լռենք», - ասաց նա: - «Սակայն մենք չենք լռելու: Մեր բողոքը անձնական չէ... Մեր բողոքը այն է, որ այս շենքը, որ եղել է ակադեմիայի հիմնադիր շենք, պահպանվի պետության կողմից եւ մնա գիտության օջախ»:

Հովհաննիսյանի փոխանցմամբ, գիտաշխատողները առայժմ գործում են օրենքի շրջանակներում՝ դիմումներ են հղել բարձրագույն ատյաններին: «Բայց, եթե մեր բողոք-խնդրանքը տեղ չհասնի, երեւում է, մենք էլ պիտի ապօրինի ձեւով պայքարենք՝ պարզապես դուրս չգանք այստեղից», - ասաց նա:

Կառավարությունից ստացված պատասխանից գիտաշխատողները տեղեկացել են, որ որոշման համար հիմք է հանդիսացել Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գագեգին Բ-ի դիմումը Հայաստանի վարչապետին:

«Սա իսկական հայագիտական կենտրոն լինելու ենթակա շենք է», -ասաց ցույցի մասնակից գիտաշխատողներից մեկը: - «Ես կարծում եմ, մեր այս փոքր երկրում երկու վեհարան ունենալը ճիշտ չէ: Նախ՝ վեհարանը մեկն է լինում»:

Գիտաշխատողները վրդովված են նաեւ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը ոչ միայն չի կանխել կառավարության նման որոշումը, այլեւ տվել է իր համաձայնությունը՝ վերապահությամբ, որ Մ.Աբեղյանի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտի ամբողջ շենքը (ուր ներկայումս տարածքներ ունեն նաեւ այլ կազմակերպություններ) անցնի Գիտությունների ազգային ակադեմիային:


Գայանե Դանիելյան, Երեւան