Մամուլի տեսություն

«Երեկ նախագահի նստավայրի առջեւ դարձյալ հայտնվել էին զինվորներ, փշալարեր եւ ջրցան մեքենաներ՝ որպես ապացույց, որ մեր իշխանավորներն ադրբեջանցի իրենց գործընկերների պես՝ պատրաստ են դրանք կիրառել իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Ուղղակի», - համեմատում է «Առավոտ» թերթը, - «Հայաստանի ընդդիմությունն է ավելի զուսպ, եւ ժողովրդին զորքի դեմ չի հանում: Մի տարբերություն էլ՝ Ադրբեջանում դեռ մնացել է հեռուստաընկերություն, որը կարող է ցուցադրել իշխանության բռնությունները, ինչը Հայաստանի եւ ոչ մի գործող հեռուստաալիք չարեց»: «Երկկողմանի դաժանությունն ու վայրագությունը, որը դրսեւորվում էր Բաքվի փողոցներում գոտեմարտի դուրս եկած մուսավաթականների եւ ոստիկանության կողմից, կրկին վկայեց, որ ճակատագիրը մեզ բաժին է հանել այնպիսի հարեւանի, որի քաղաքակրթվելու հեռանկարների հետ մենք երբեք չպետք է հույսեր կապենք», - ընդգծում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Թող չփորձեն մեզ համոզել, որ երբեւէ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ համակեցությունը» այդ բարբարոս ամբոխի հետ՝ միեւնույն պետության սահմաններում»։

«Չեմ կարծում, որ Ադրբեջանում ծավալուն անկայունություն կլինի», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Ադրբեջանում կատարվող այդ իրադարձությունների զարգացման հեռանկարում չեմ տեսնում այնպիսի վտանգ, որի հետեւանքով իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»։ Սերժ Սարգսյանը նաեւ կապ չի տեսնում Բաքվի եւ Երեւանի հանրահավաքային ակտիվության միջեւ: Միաժամանակ, սակայն, նա մեր ընդդիմության մասին ասում է. - «Լավ կլինի, որ այդ մի խումբ մարդիկ իրենց անձնական ամբիցիաները, բարդույթներն ու ատելությունը, իրենց ներսում կուտակված թարախը չփաթաթեն ժողովրդի վզին, չարտանետեն հասարակության վրա: Նրանց նույն դրույթները արդեն մի քանի տարի լսում ենք։ Եւ եթե մարդ նույնիսկ 10 գրամ ամոթ ունենա, այդ դրույթներից մեկը (ենթադրենք՝ 2 ամսից հետո անպայման իշխանության գալու մասին) չի ասի։ Որովհետեւ արդեն քանի տարի է, ասում են՝ «երկու ամիս հետո»։ Այդ երկու ամիսը չավարտվե՞ց»։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցին, Սարգսյանը ասում է. - «Այստեղ չեմ ցանկանում որեւէ կանխատեսում անել։ Համեմատաբար ակտիվացում կնկատվի: Սակայն որեւէ նոր առաջարկության մասին տեղեկություն չունեմ։
Ուղղակի պետք է հուսախաբ անեմ բոլոր նրանց, ովքեր ձեռքները շփում են եւ ասում՝ «հեսա, սրանց ստիպելու են վատ որոշում կայացնել, Հայաստանին ոչ նպաստավոր որոշում կայացնել...» եւ այլն։ Հանդարտվեք: Չի՛ լինելու այդպիսի բան։ Եւ ժամանակ առ ժամանակ վերսկսվող այն խոսակցությունները, թե «հենց էնպես տալու են, Մեղրին են տալու...» եւ այլն, դրանք մեկ անգամ եւս օդի հերթական տատանումներ են, հերթական քամիներ ու հերթական բլեֆ», - որակում է պաշտպանության նախարարը։

«Եթե առ այսօր մեր շարքերում կամիկաձեներ չեն եղել, ապա շատ շուտով (եթե թանկացումներն այս տեմպերով շարունակվեն) կհայտնվեն (ընդ որում՝ շատ ) եւ, ընդ որում, ոչ թե կրոնական գաղափարախոսությամբ ու կրոնական հողի վրա, այլ՝ ընդամենը սոցիալական դրդապատճառներով, որովհետեւ սոված ու ֆիզիկական ոչնչացման դատապարտված մարդը ոչ միայն ի վիճակի չի լինելու ըմբռնել Արցախի հարցի կարեւորությունը, այլեւ նրա հայացքի առաջ վերջնականապես կդադարի շողշողալ հայ դատի տեսլականը», - խտացրել է «Այբ-Ֆե» թերթը: Սոցիալական մոտիվներով «Գոլոս Արմենիի» թերթի հերթական տարակուսանքի առիթ է դարձել այն, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Լեւոն Բարխուդարյանը, Վահրան Ավանեսյանը եւ Արմեն Եղիազարյանն են կազմել մեր օրերս ներկայացված աղքատության հաթահարման ռազմավարական ծրագիրը, եւ ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Խաչատրյանն էլ նրանց է համարում Հայաստանի լավագույն տնտեսագետները: Մեկնաբանը գրում է. - «Սա արդեն չափազանց է՝ նրանք, ովքեր ժողովրդին կիսաքաղց գոյության են մատնել, հիմա ծրագիր են կազմում, թե ինչպես դրան դիմակայել: Միայն Հայաստանում է հնարավոր ժամանակին թաքնվել, քեզ վստահված գործը տապալելու պատասխանատվությունից խուսափել եւ իմանալ, որ շուտով դա կմոռանան, կրկին կկանչեն «ժողովրդին փրկելու»: Ի վերջո, «Գոլոս Արմենիի»-ում ձեւակերպված է. - «Աղքատության հաղթահարման համար մեզ ոչ թե ծրագիր է պետք, այլ կադրային այնպիսի քաղաքականություն, որը կերաշխավորի՝ այդպիսի պատահական մարդիկ երբեք իշխանության չեն գա»:

«Հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու «ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահ Անատոլի Չուբայսը՝ Հայաստանի մի շարք էներգետիկ օբյեկտներ իր ընկերության վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Դրանք Ռուսաստանին չպատկանող՝ հայաստանյան վերջին լուրջ էներգետիկ օբյեկտներն են», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը: - ««ՌԱՕ ԵԷՍ»-ը մտադիր է «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությունից գնել բաշխիչ էլեկտրացանցերի հսկիչ փաթեթը»: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի կարծիքով, հենց Չուբայսն էլ այդ այցի ընթացքում կհնչեցնի պատասխանը մեր ատոմակայանին վերաբերող ամերիկյան վերջին հայտարարությանը, քանզի «Հայաստանի իշխանությունների արձագանքը պարզ է. որեւէ արձագանք չկա, քանի դեռ այս իշխանությունների «կռիշը»՝ Ռուսաստանը լռում է»: Ընդհանուր առմամբ, «Հայկական ժամանակ»-ում եւս մեկ անգամ շեշտվում է, որ Հայաստանը իր վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքում հայտնվել է մամլիչի տակ:


Վաչե Սարգսյան