Հայաստանի անունից «Տրասեկա»-ի միջկառավարական հանձնաժողովը կգլխավորի Բուլղարիայի ներկայացուցիչը

Առաջիկա մեկ տարում «Տրասեկա»-ի միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի անունից հանդես կգա բուլղարուհի Լյուդմիլա Թրենկովան (նստավայրը՝ Բաքու):

Երեկ Երեւանում բացված համաժողովում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տրասեկա» կազմակերպության (որին անդամակցում են եվրասիական տրասպորտային միջանցքի՝ «մեծ մետաքսի ճանապարհին» ընկած 13 պետություններ) միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը ռոտացիոն կարգով մեկ տարով ստանձնեց Հայաստանը, եւ, ըստ այդ կազմակերպության կանոնադրության, իրավունք ուներ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրել։

Այսօր առավոտյան, սակայն, Ադրբեջանի ներկայացուցիչը դեմ է քվեարկել այդ պաշտոնում Հայաստանի առաջարկած «Տրասեկա»-ի ազգային քարտուղար Գագիկ Գրիգորյանի թեկնածությանը: Թուրքիայի պատվիրակը ձեռնպահ է մնացել: Հայաստանի տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, սկանդալից խուսափելու համար, հարկադրված եղավ այլազգի թեկնածու առաջարկել։ Ընդդիմախոսները չեն առարկել այդ թեկնածությանը։

Անդրանիկ Մանուկյանը համաժողովի ավարտից հետո լրագրողներին ասաց, որ Ադրբեջանի պատվիրակը հայկական կողմի առաջարկած թեկնածուին դեմ է քվեարկել բացառապես քաղաքական նկատառումներով. - «Ես եւ բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարել էինք, որ «Տրասեկա»-ն դուրս է քաղաքականությունից, որ Եվրամիությունը ստեղծել է այդ կառույցը, որպեսզի այն նպաստի տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների զարգացմանը։ Դա ընդունում է նաեւ ադրբեջանական պատվիրակությունը, սակայն, հայտարարում է, որ Հայաստանի թեկնածությանը դեմ քվեարկելով կատարում է իր երկրի կառավարության ցուցումը»։

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը ավելացրեց, որ Ադրբեջանը նույնանման պատասխան կստանա Բաքվի համաժողովի ընթացքում: «Հայաստանը դեմ կքվեարկի նրա բոլոր նախաձեռնություններին, ինվեստիցիոն ծրագրերին, այդ թվում եւ «Տրասեկա»-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ադրբեջանի առաջարկած թեկնածուներին», - հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը։

Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Կնութսենը, իր հերթին, ասաց. - «Մենք, իհարկե, ցավում ենք, որ «Տրասեկա»-ի քաղաքական չեզոքությունը խախտվեց, եւ ապագայում կաշխատենք անել ամեն ինչ, որպեսզի նման նախադեպը չկրկնվի»։

Ադրբեջանական կողմին, թերեւս, կարելի է հասկանալ. Դժվար է պատկերացնել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի չլուծվածության պայմաններում հայը կարող է իբրեւ «Տրասեկա»-ի գլխավոր քարտուղար աշխատել Բաքվում եւ հրամաններ ու կարգադրություններ անել, այդ թվում եւ՝ ադրբեջանցիներին։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ագիֆ Մուստաֆաեւը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու են դեմ քվեարկել Հայաստանի առաջարկած թեկնածությանը, բառացիորեն պատասխանեց. - «Ամեն ինչ անցավ կառուցողաբար, կոնֆերանսը դրսեւորեց իմաստնություն այն բանում, որ «Տրասեկա»-ում կնախագահի Հայաստանը, իսկ գլխավոր քարտուղար է ընտրվել Բուլղարիայից, ընդ որում՝ կին։ Դա ցույց է տալիս, որ կոնֆերանսն անցավ ժողովրդավարության մթնոլոտում: Լավ, եւ շատ ճիշտ ուղղություն է ընտրվել»:

«Տրասեկա»-ի շրջանակներում ծախսվող գումարները, որպես կանոն, անհամաչափ են բաշխվում անդամ երկրների միջեւ, ու մինչ այժմ այդ գումարների առյուծի բաժինը ծախսվել է Վրաստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում իրագործված տրանսպորտային ծրագրերի վրա։ Այդ պատճառով «Տրասեկա»-ի գործադիր կառույցի ղեկավարի պաշտոնում հայ պաշտոնյայի հայտնվելը, ըստ երեւույթին, ձեռնտու չէ հարեւան երկրին։ Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ, Ադրբեջանն այս համաժողովում առաջարկել էր առաջիկա հինգ տարիներին «Տրասեկա» ծրագրին Եվրամիության հատկացրած 64, 5 եվրո գումարը բաշխել ըստ արդեն ներկայացրած ծրագրերի հայտերի, ինչին նախագահողը դեմ է արտահայտվել՝ պահանջելով հավասարաչափ ծախսել գումարները:


Ատոմ Մարգարյան, Երեւան