Մայրաքաղաք կգան նոր «օգտագործված ավտոբուսներ»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ ընթացած կառավարության հերթական նիստն այսօր որոշեց պահուստային ֆոնդից 8100 դոլարին համարժեք դրամ հատկացնել սոցիալական ապահովության նախարարությանը՝ հաշմանդամ ազատամարտիկների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։ Եւս 45 միլիոն դրամ հատկացվեց մայրաքաղաքի համար ֆրանսիական «Ռենո» մակնիշի ավտոբուսների ձեռքբերման ծրագրին։ Այդ գումարով Հայաստան կբերվի եւս 12 օգտագործված ավտոբուս։

Այսօրվա նիստում Կառավարությունը նաեւ հաստատեց երկու ծրագիր՝ առաջինը վերաբերում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը, երկրորդը` Հանրապետության կուրորտային տնտեսության հեռանկարային զարգացմանը։ Նիստից հետո տրված բրիֆինգում այդ ծրագրերը մանրամասնեցին Կառավարության առնթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը եւ Առեւտրի եւ տնտեսակաn զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը։

Մասնավորպես, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը՝ կարեւորելով այսօր հաստատված ծրագիրն, ասաց, որ այն առավելապես հակաահաբեկչական նպատակ ունի:

Վարչության պետի խոսքերով, հաստատված ծրագրով նախատեսվում է օդակայաններում ապահովել ուղեւորների բարձրակարգ սպասարկումը՝ Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխան։ Պարոն Մարգարյանի փոխանցմամբ, հաստատված ծրագրի պահանջները տարածվում են Հայաստանի օդային փոխադրումների շուկայում աշխատող ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների վրա։

Այդուհանդերձ, ներկա դրությամբ ուղեւորների սպասարկման մակարդակը դրեւս հեռու է բավարար լինելուց։ Դժվարություններն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով են պայմանավորված,ասում է Սամվել Մարգարյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, հատկապես վերջին երկու ամիսներին դրական տեղաշարժերն ակնհայտ են։ Հաջողվել է մի քանի անգամ կրճատել «Զվարթնոցի» սպասասրահներում ուղեբեռի ստացման ժամանակը, նվազեցնել՝ քաշքշուկները:

Վատ սպասարկումը մարդկանց աշխատանքի թերացման արդյունքն է։ Սամվել Մարգարյանն այսօր ասաց, որ աշխատանքները վատ կազմակերպելու պատճառով, «Զվարթնոցի» վարձակալը՝ Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը 6 հոգու հեռացրել է աշխատանքից՝ այդ թվում օդակայանի Օվիրի ծառայության եւ ավտոտեսչության պետերին եւ ոստիկանության պետի տեղակալին։

Կառավարության հաստատած մյուս ծրագրի առնչությամբ պարզաբանումներ տալով՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանն ասաց, որ այն հինգ տարվա ընդգրկում ունի՝ նախատեսված է 2004ից մինչեւ 2008 թվականների համար։ Այդ ընթացքում պետք է մասնավորեցվեն դեռեւս պետական կարգավիճակ ունեցող կամ Արհմիությունների սեփականություն հանդիսացող առողջարաններն ու հանգստյան տները, քանզի, դրանք կարելի է բերել գրավիչ տեսքի՝ միայն լուրջ ներդրումների միջոցով։

Ըստ փոխնախարարի, այդ ծրագրով պետք է վերականգվի հանրապետության երբեմնի ծաղկուն առողջարանային համալիրը եւ հանգստյան տների ցանցը։ Այնինչ մոտ 70- ի հասնող այդ օբյեկտների մեծ մասն այսօր հանգած վիճակում է, մասնավորի վերածված քչաթիվ առողջարաններն էլ գործում են իրենց հզորությունների չնչին մասով:

Պաշտոնական գնահատականներով, 1988 թվականի համեմատ Հայաստանի առողջարաններում բուժվողների քանակը 15 տարվա ընթացքում նվազել է 40 անգամ՝ 120 հազարից իջնելով 3000- ի։

Ատոմ Մարգարյան, Երեւան