Դատարանի առջեւ ցուցմունքներ են տալիս ամբաստանյալները

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության ընթացքում արդեն 13 ամբաստանյալներից 4-ը դատարանում ցուցմունք տվել են: Ջոն Հարությունյանը՝ իր իսկ խոստովանությամբ սպանության կատարողը, դատարանում ընդունեց մեղքը, բայց նախաքննական ցուցմունքները մասամբ հաստատեց:

Ֆելիքս Առուստամյանը, որը սպանության օրը վատ էր զգացել եւ կես ճանապարհից հրաժարվել էր, դատարանում հայտարարեց, թե ինքը համոզված չէ, որ Նաղդալյանին Ջոն Հարությունյանն է սպանել. «Ջոնն իր վրա է վերցնում սպանությունը, որովհետեւ մեզ խոստացան, որ մեր վրա վերցնենք, 250 հազար դոլարը կստանանք ու մի 8 տարի կնստենք, հետո կազատվենք:Դրա համար էլ Ջոնն իր վրա է վերցրել»: Խոստումն էլ, նրա ասելով, դատախազությունից են տվել:

Մի քանի անգամ հետաձգվող դատական նիստերից հետո ի վերջո շարունակվեցին ամբաստանյալների հարցաքննությունները: Հերթը հասավ ամբաստանյալ Գեղամ Շահբազյանին, որը միջնորդի դեր է կատարել Ղարաբաղի բնակիչներ Ֆելիքս Առուստամյանի, Ջոն Հարությունյանի եւ Սարգսյանների ազգակից Ապեր մականունով Հովհաննես Հարությունյանի միջեւ:

Ի դեպ, Հովհաննես Հարությունյանն այս նույն խմբին մեկ այլ սպանության եւ ավազակային հարձակման պատվեր էլ է տվել, ինչը ձախողվել է, եւ հարուցված քրեական գործն էլ կարճվել է արարքի բացակայության պատճառով:

Իսկ ամբաստանյալ Գեղամ Շահբազյանը Հովահաննես Հարությունյանի հետ մոտ երկու տարի առաջ է ծանոթացել: Միասին տարբեր գործեր են ձեռնարկել, Հարությունյանն էլ ժամանակ առ ժամանակ Շահբազյանին պարտքով գումար է տվել: Ըստ Շահբազյանի, հենց սա էլ բավարար է եղել, որպեսզի Ապերը՝ Հովհաննես Հարությունյանը, Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման գործն իրեն հանձնարարեր:

Նախաքննական ցուցմունքում էլ ամբաստանյալ Շահբազյանն ասել է, թե Տիգրան Նաղդալյանին նույնիսկ դեմքով չի ճանաչել, կապ չի ունեցել սպանություն կատարելու գաղափարի հետ՝ զուտ վարորդի եւ հանձնարարություններ ու գումար փոխանցողի դեր է կատարել: Իսկ սպանություն կատարելու շահագրգռվածությունը միայն նյութական է եղել:

Գրիգոր Պետրոսյանն ինքն էլ ֆինանսական կախման մեջ էր Հովհաննես Հարությունյանից, նրան էլ Ապերը ժամանակ առ ժամանակ 100-500 դոլար պարտք է տվել, օգնել է ընտանիքին եւ, փաստորեն, դրա համար էլ չի կարողացել հրաժարվել սպանության կատարման ինչ - որ աջակցությունից: Թեեւ այսօր դատարանում հայտարարեց, որ միայն Հովհաննես Հարությունյանի տված երկու ատրճանակն է հանձնել Գեղամին: Իմացել է, որ ինչ-որ լրագրողի են ուզում սպանել եւ փորձել է համոզել, որ փողի համար մարդ չի կարելի սպանել, բայց այդպես էլ չի կանխել:

«Իմ դերը եղել է լսելը, եթե ես խուլ լինեի, այստեղ չէի լինի», հայտարարեց այսօր դատարանում ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանը, ապա հրաժարվեց ցուցմունք տալուց: Ուստի ստիպված եղան հրապարակել նրա նախաքննական բոլոր ցուցմունքներն ու ցուցադրել հարցաքննության տեսագրությունը: Ամբաստանյալ Պետրոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն, Հովհաննես Հարությունյանն էլ համաձայնել է կազմակերպել Նաղդալյանի սպանությունը, որպեսզի. «Արմեն Սարգսյանի եւ ընդհանրապես Սարգսյանների ընտանիքի մոտ ներակայանա որպես թասիբով տղա, ձեռքի հետ էլ գումար վաստակի»:

Ի դեպ, նույն Հարությունյանը ավելի վաղ պատվիրել էր պայթեցնել Սարգսյանների քեռու ավտոմեքենան էլի խոշոր գումարի դիմաց:

Բայց դատարանում հարցաքննված բոլոր ամբաստանյալներն էլ նույն բանն էին կրկնում, որ Գեղամը իրենց է փոխանցել Հովհաննես Հարությունյանի խոսքը, թե պատվիրատուն Արմեն Սարգսյանն է, գումարն էլ նա է տալու:

Այսօր առաջին անգամ ցուցմունքներ հրապարակելիս մի հանգամանք էլ պարզվեց: Ըստ Շահբազյանի եւ Պետրոսյանի նախաքննական ցուցմունքների, մինչեւ այս խմբի ձեւավորվելը Տիգրան Նաղդալյանին սպանելու պատվեր ստացել են ինչ-որ ռուսներ, 50 հազար դոլար էլ նախապես տվել են, բայց վերջինները գումարը վերցրել ու փախել են: Պատվիրատուն, ըստ ցուցմունքների, նորից Արմեն Սարգսյանն է եղել: Սակայն որեւէ այլ հանգամանք, գոնե հրապարակված ցուցմունքներից, պարզ չէր, թե ովքե՞ր են այդ ռուս մարդասպանները, ե՞րբ է նրանց պատվեր տրվել եւ այլն:

Հաջորդ դատական նիստում, ամենայն հավանականությամբ, ցուցմունք կտան ու կհարցաքննվեն Արմեն Սարգսյանի սանահայր Լյովա Հարությունյանը եւ Սարգսյանների ազգական Հովհաննես Հարությունյանը: Երկուսն էլ, ըստ քրեական գործի, Գեղամ Շահբազյանին են փոխանցել Արմեն Սարգսյանի պատվերը Տիգրան Նաղդալյանին սպանելու վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան, Երեւան